Այսօր Հայաստանը ստանձնում է ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը
16/05/2013 12:07

Այսօր Հայաստանը ստանձնում է ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը

Այսօր՝ մայիսի 16-ին, Ստրասբուրգում տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 123-րդ նստաշրջանը: Նախարարական նստաշրջանի քննարկման թեման է լինելու «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և օրենքի գերակայություն Եվրոպայում. ԵԽ գործողությունների ազդեցության մեծացում»: Այս մասին Ստրասբուրգից հայտնում է Aysor.am-ի թղթակիցը:

Նստաշրջանի ավարտին Հայաստանի Հանրապետությունը առաջին անգամ 6 ամսով ստանձնելու է ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը:

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը հնարավորություն է ընձեռում  ներդրում ունենալ Եվրոպայում ժողովրդավարական գործընթացների խթանման և ամրապնդման գործում:

Նստաշրջանին մասնակցելու են Հայաստանի, Անդորայի , Իտալիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարները և ԵԽ անդամ մյուս պետությունների բարձրաստիճան պատվիրակությունները:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները (2013թ. մայիսի 16- 2013թ. նոյեմբերի 13), ինչպես նաև խնդիրները սահմանվել են՝ հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների առջև ծառացած մարտահրավերները՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության հետագա ամրապնդման և օրենքի գերակայության հետ:
Հայաստանի նախագահության գլխավոր նպատակներն են.
• Եվրոպայում ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ պայքարը. եվրոպական արժեքների տարածումը՝ միջմշակութային երկխոսության միջոցով,
• մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդում,
• ժողովրդավարական հասարակությունների ամրապնդում,
• եվրոպական կառույցներում Եվրոպայի խորհրդի դերի ուժեղացում:
Նշենք, որ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Ավստրիային:

Տեղեկանք
Եվրոպայի խորհուրդի կառույցներն են ՝ Նախարարների կոմիտեն, Խորհրդարանական վեհաժողովը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը և Գլխավոր քարտուղարությունը:

Եվրոպայի խորհուրդը գործում է` հիմք ընդունելով իր հիմնական մարմինների` Նախարարների կոմիտեի, Խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայում տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի միջև երկխոսությունը:

Նախարարների կոմիտեն Եվրոպայի խորհրդի որոշում կայացնող մարմինն է, որի կազմում ներկայացված են բոլոր անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները կամ Ստրասբուրգում նրանց մշտական դիվանագիտական ներկայացուցիչները: Սա և՛ կառավարական մարմին է, որի շրջանակներում իրավահավասար հիմունքներով քննարկվում են եվրոպական հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման ազգային մոտեցումները, և՛ կոլեկտիվ համահավաք, որտեղ ձևավորվում են վերոնշյալ խնդիրների համընդհանուր եվրոպական լուծումները: Խորհրդարանական վեհաժողովի հետ միասին Նախարարների կոմիտեն պաշտպանում է Խորհրդի հիմնարար արժեքները և վերահսկում է անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը։ 

Այսօր Հայաստանը ստանձնում է ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը