.jpg)
Ա. Ղուկասյան. Կեղծ կուսակցական համակարգն իր դարն ապրել է
Երկրում քաղաքական և տնտեսական ճգնաժամ է: Նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Շարունակելով խոսքը` նա նշեց, որ հասարակության մեջ առկա է կրիտիկական մթնոլորտ, որը կարող է բերել լուրջ բախումների:
Ընդդիմությունը, բանախոսի խոսքով, պետք է համալրվի նոր կուսակցություններով. «Կուսակցաշինական ոլորտում անհրաժեշտ են նոր մոտեցումներ, պետք է ստեղծել նոր և մրցունակ ուժեր»:
Նա ասաց, որ կիսում է սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը, բայց անձամբ գործող որևէ կուսակցությանը չի անդամակցի: Միևնույն ժամանակ Ա. Ղուկասյանը հայտնեց, որ մինչև տարվա վերջ մտադիր է ստեղծել նոր կուսակցություն, սակայն, մտադիր չէ գլխավորել այն:
«Ես ինքս սոցիալ-դեմոկրատական հայացքների եմ հարում, գտնում եմ, որ այդ ուժի բացակայությունը կա, աշխատավոր մարդու շահերը պաշտպանված չեն, գտնում եմ, որ այդ բացն անհրաժեշտ է լրացնել»,- մանրամասնեց Ա. Ղուկասյանը:
Կեղծ կուսակցական համակարգը, նախկին թեկնածուի կարծիքով, իր դարն ապրել է, «կուսակցությունները շարունակաբար ցուցաբերում են իրենց անկարողությունը»:
«Ունենք կեղծ ընդդիմության խնդիր: Դրանք այն բոլոր ուժերն են, որոնք սատարել են շինծու ընտրությունների կայացմանը: Կուսակցաշինության ոլորտում նոր մոտեցումներ են պետք, պետք է նոր մրցունակ ուժեր ստեղծել, առանց ժողովրդավարական սկզբունքների չենք կարող հաջողության հասնել»,- ասաց Ա. Ղուկասյանը: