Արամ Սարգսյան. Հայաստանում պետք է ձևավորել հայկական սոցիալիզմի մոդելը
20/05/2013 20:00

Արամ Սարգսյան. Հայաստանում պետք է ձևավորել հայկական սոցիալիզմի մոդելը

«Այս պահին պետք է մտածել գաղափարական ընդդիմության ձևավորման մասին, քանի որ երբ ընդդիմությունը միավորված է գաղափարների շուրջ և փորձում է իրականացնել իր ծրագրերը, դա ստիպում է իշխանություններին գնալ ավելի լուրջ բարեփոխումների»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության շրջանում ճգնաժամի հաղթահարման մեխանիզմներին և նոր որակի ընդդիմության ձևավորման անհրաժեշտությանը ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նա նշեց, որ գաղափարների հիման վրա ձևավորված ծրագրերը միայն կարող են իրական հետաքրքրություն և շահագրգռվածություն ձևավորվել հասարակության շրջանում դեպի ընդդիմությունը:

«Ադմինիստրատիվ ռեսուրս, ֆինանսական ռեսուրս կոչվածը, որը շաղ են տալիս որպես ընտրակաշառք, դրա դարը պետք է անցած համարել և հասարակության հետ պետք է խոսել կոնկրետ ծրագրերից»,- ասաց բանախոսը:

Ա. Սարգսյանը նշեց, որ այս հարցերում Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը իր դերն ու տեղն է ունենալու և փորձելու է միավորել այն ուժերին, որոնք համաձայն են Հայաստանում իրականացնել դեմոկրատական սոցիալիզմի հայկական մոդելը:

«Այդ ծրագրի մեջ ներառվում է նաև օլիգարխիկ համակարգի կազմաքանդումը, որը չի նշանակում, որ պետք է դեմ գնալ գործարարությանը, այլ հակառակը, պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն գործարարության համար և զարկ տրվի նաև փոքր և միջին բիզնեսի զարգացմանը»,- ասաց նա:

Ըստ նրա, ամենակարևորը ծրագրերի շուրջ միավորումն է, այլ ոչ թե միավորումը ինչ որ մեկի պատրոնաժի տակ:

«Ծրագրերի և գաղափարների շուրջ միավորված ընդդիմության առկայությունը նաև լավ հայտ կլինի ապագա խորհրդարանական ընտրություններում»,- հավելեց Ա. Սարգսյանը:

Արամ Սարգսյան. Հայաստանում պետք է ձևավորել հայկական սոցիալիզմի մոդելը