.jpg)
Ստեփան Սաֆարյան. Այս իշխանությունները հինգը տարի չեն ձգելու
Ընտրություններն ավարտվել են, սակայն տեսանելի է` ողջ քաղաքական համակարգն անկայուն վիճակում է, վստահության մակարդակը ցածր է, իշխանական լեգիտիմության աստիճանն էլ` համարյա զրոյական: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ու ավելացրեց` աննախադեպ է մեր պատմության մեջ, որ իշխանությանն այս աստիճան չվստահեն:
«Այսօր ամենափոքրիկ իրադարձությունը չափազանց մեծ ռեակցիա է ստանում: Կանխատեսումներ անել, թե երբ կփլուզվեն այս իշխանությունները` չեմ կարող, սակայն ակնհայտ է` համակարգը ժանգոտած մեխանիզմի է նման, որը չի կարողանում առաջ տանել երկիրը: Ես համամիտ եմ այն կարծիքի հետ, որ այս իշխանությունները հինգը տարի չեն ձգելու»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Խոսելով իշխանափոխության մասին «Ժառանգության» քարտուղարը նշեց, որ իրենց թիմը միշտ էլ ասել է, որ չի գնալու արյունահեղության ճանապարհով.
«Մենք ասել ենք` եթե Հայաստանում ավելի քան վեց հարյուր հազար մարդիկ չեն ճանաչում ընտրության արդյունքները, իրավունք ունեն պաշտպանված լինել օրենքով: Այս իշխանություններն ամենից շատ վախենում են օրենքից: Կյանքը մի բան էլ ապացուցեց` բացի «Ժառանգությունից» այլ քաղաքական ուժեր իշխանափոխություն չեն ցանկանում»,- ասաց Ստեփան Սաֆարյանն ու ավելացրեց.
«Այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ ընդդիմությունն ավելի շատ էր ընդդիմության տապալմանը սպասում, քան` իշխանությունը»: