«Հովհաննիսյանը չուներ բարոյական իրավունք`խախտելու փակ հանդիպման սկզբունքը»
20/05/2013 14:50

«Հովհաննիսյանը չուներ բարոյական իրավունք`խախտելու փակ հանդիպման սկզբունքը»

Օրերս Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը մեջբերումներ է կատարել իբր իր և Գագիկ Ծառուկյանի առանձնազրույցից: Ես պաշտոնապես տեղեկացնում եմ, որ այդ մեջբերումները թերի են և ոչ ստույգ: Աղավաղված է խոսակցության բուն էությունը: Այս մասին ասվում է ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի տարածած հայտարարության մեջ:

«Ինչ վերաբերվում է քաղաքական և մարդկային էթիկայի նորմերին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը չուներ բարոյական որևէ իրավունք` խախտելու փակ հանդիպման սկզբունքը և համատեքստից դուրս ներկայացնելու ոչ լիարժեք տեղեկատվություն:

Այնուհանդերձ, մենք սա գնահատում ենք որպես պահի տակ արված զգացմունքային անճշտություն, հակառակ պարագայում չենք բացառում հրապարակել առանձնազրույցի ամբողջական ձայնագրությունը, որի արդյունքում իր համակիրների բազմաթիվ հարցերին ստիպված կլինի պատասխանել հենց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նշեմ նաև, որ նրանց հանդիպմանը ներկա են եղել նաև ԲՀԿ-ից Վ. Օսկանյանը, Վ. Հովհաննիսյանը, Ն. Զոհրաբյանը, Ժառանգությունից` Հ. Խուրշուդյանը, Ռ. Հակոբյանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին «Անի-Պլազա» հյուրանոցում տեղի ունեցած հանրային քննարկումից հետո «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել էր, որ Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած փակ հանդիպման ժամանակ վերջինս բացառել է, որ երբևէ դեմ կգնա իշխանությանը:

 

«Հովհաննիսյանը չուներ բարոյական իրավունք`խախտելու փակ հանդիպման սկզբունքը»