Գազի գնի վերաբերյալ հանրային քննարկումը չկայացավ. Դահլիճում տեղ չկար
29/05/2013 18:46

Գազի գնի վերաբերյալ հանրային քննարկումը չկայացավ. Դահլիճում տեղ չկար

Այսօր Հանարային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախատեսված էր գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ առաջին աշխատանքային քննարկումը: Քննարկումը, սակայն, այդպես էլ չկայացավ, քանի որ դրան մասնակցելու համար գրանցվել էին բազմաթիվ քաղաքացիներ, ում համար դահլիճում այդպես էլ տեղ չգտնվեց և սա վիճաբանությունների առիթ դարձավ:

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը կոչ արեց քննարկումների մասնակիցներին հանդարտվել ու սկսել քննարկումը, առաջարկելով բարձրանալ մեկ այլ` ավելի մեծ դահլիճ: Սակայն քննարկման մասնակիցները հրաժարվեղին Նազարյանի առաջարկից` պահանջելով, որ քննարկմանը մասնակցեն հանրության բոլոր հետաքրքրված օղակները, այդ թվում` հանձնաժողովի բակում հավաքված քաղաքացիները:

«Շոուի մասնակից դառնալ չեմ ցանկանում ու այդ պատճառով մենք մեծ դահլիճ երբեք չենք վերցնի: Փոխարենը պատրաստ ենք ամեն օր նման քննարկումներ անցկացնել հասարակության տարբեր շերտերի հետ»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:

Ներկաները հրաժարվեցին այս առաջարկից ևս, ինչից հետո վիճաբանությանը միջամտեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն ու առաջարկեց քննարկումներն անցկացնել Հանրային խորհրդի դահլիճում, որը զգալիորեն մեծ է: Սադոյանի այս առաջարկը քաղաքացիներն ընդունեցին ծափահարություններով, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ քննարկումն այսօր չի շարունակվելու:



Ռոբերտ Նազարյանը նշեց, որ քննարկումը կշարունկավի մեկ այլ օր, ընդ որում, առանց լրագրողների ներկայության:

«ԶԼՄ ներկայացոիցչները չեն մասնակցի քննարկմանը, որ ավելորդ տեղ չզբաղեցնեն: Բացի այդ, դուք շոուի կողմանկից եք, ես` ոչ»,- ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը:
 

Գազի գնի վերաբերյալ հանրային քննարկումը չկայացավ. Դահլիճում տեղ չկար