Ռազմական ոստիկանության աշխատակիցը կանխել է երիտասարդի ինքնասպանությունը
29/05/2013 17:26

Ռազմական ոստիկանության աշխատակիցը կանխել է երիտասարդի ինքնասպանությունը

«Երեկ ժամը 3-4-ի սահմանում անցնում էի Կիևյան կամրջով` նկատեցի, թե ինչպես մի երիտասարդ բարձրացավ կամրջի երկաթե պատնեշի վրա, ուզում էր նետվել: Շատ արագ արգելակեցի ու մինչ կմոտենայի` անցորդներից մեկը վազեց ու բռնեց նրա ոտքը: Հորդառատ անձրևի տակ երիտասարդն ամեն կերպ դիմադրում էր, փորձեց ձեռքներիցս պոկվելով նորից իրեն ցած նետի, բայց կրկին կանխեցինք»,- Aysor.am-ին պատմում է Ռազմական ոստիկանության Երևանի կայազորի աշխատակից Հարություն Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ երիտասարդը եղել է անսթափ վիճակում: Ասում է` սկզբում երիտասարդին սիգարետ առաջարկեցի, հարց ու փորձ արեցի, մինչ ոստիկանության աշխատակիցները կգային:

Երիտասարդը՝ Գեղամը, ասել է, որ ուզում է մեռնել, որովհետև փող չունի, չունի ապրելու միջոց: Ասել է` «գործ չունեմ, աշխատանք չեմ ճարում, ինչ է, գնամ գողություն անե՞մ, չեմ կարա, ինձ մի դրդեք, դրա համար էլ ուզում եմ վերջս տամ»:

Ոստիկանության աշխատակիցները 33-ամյա երիտասարդին տարել են բաժին:

Ի դեպ, ԱԻ նախարարությունը, հաշվի առնելով մայրաքաղաքում նման դեպքերի աճի հանգամանքը, մտադիր է առաջիկայում Կիևյան կամրջի հատվածում տեղադրել տեսախցիկներ և իրականացնել շուրջօրյա հսկողություն` հաճախադեպ դարձած ինքնասպանության փորձերը կանխելու նպատակով:

Ավելին, մեր տեղեկություններով շուտով ԱԻՆ-ը ձեռք կբերի բավականին մեծ բատուտ, որն ահազանգերի դեպքում անմիջապես գործի կդրվի` փրկելու համար կամրջից նետվողների կյանքը: 
 

Ռազմական ոստիկանության աշխատակիցը կանխել է երիտասարդի ինքնասպանությունը