.jpg)
Երևանից Ստեփանակերտ` ընդամենը 3 ժամում. Նոր ճանապարհ կկառուցվի
«Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա դրամահավաքն ուղղված կլինի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«Ճանապարհի հողային աշխատանքներն արդեն մեծ մասամբ ՀՀ և ԼՂՀ կառավարությունների կողմից իրականացվել են, մնում են ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը 114 կմ է, արժեքը՝ մոտ 30 մլն ԱՄՆ դոլար»,- մանրամասնեց Ա. Վարդանյանը։
Պարզաբանելով, թե ինչու է որոշվել հենց այդ ճանապարհը կառուցել, Վարդանյանը նշեց, որ այդ ճանապարհը Հայաստանը Արցախին կապող երկրորդ ճանապարհն է. «Արդեն ժամանակն էր արդիականացնել Ղարաբաղ գնալու այս ճանապրհը, քանի որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը շատ դժվար է, մարդիկ հոգնում են, դրա համար էլ որոշում կայացվեց թե՛ ռազմավարական իմաստով, թե՛ Մարտունու շրջանի զարգացման տեսանկյունից կառուցել այդ ճանապարհը»,- ասաց Ա. Վարդանյանը և ավելացրեց, որ այն կհեշտացնի ճանապրհը, ինպես նաև` կզարգացնի տուրիզմը։
Ճանապարհի կառուցման դեպքում` Երևանից Ստեփանակերտ գնալը կտևի 3 ժամ:
Դրամահավաքները, Ա. Վարդանյանի տեղեկացմամբ, կավարտվեն տարվա վերջին և հունվարին մոտավոր կհայտարարվի` որքան գումար է հավաքագրվել. «Այդ ժամանակ էլ արդեն կհայտարարվեն շինարարական մրցույթներ ու կսկսվեն շինարարությունը»։
Ինչ վերաբերում է 2012-ի ընթացքում հիմնադրամի կատարած աշխատանքներին, ապա Ա. Վարդանյանն ասաց գնահատականները գոհացուցիչ էին, և հանձնաժողովն ընդունել է հաշվետվությունները, որևէ խնդիր չի առաջացել:
Նախորդող հրապարակում` «Հայաստան» հիմնադրամն արտացոլում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը