.jpg)
Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահին
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ով Երևան է ժամանել մասնակցելու ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի նիստերին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից:
Ողջունելով պարոն Մինյոնի առաջին այցը Հայաստանի Հանրապետություն` Ազգային ժողովի նախագահը նշեց, որ այն տեղի է ունենում Հայաստանի համար շատ կարևոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընթացքում:
«Եվրոպայի խորհրդում Հայաստանի առաջին նախագահությունը նշանակալի իրադարձություն է մեր երկրի համար: Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար իր ներդրումն ու մասնակցությունն ունենալ անդամ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության, համամարդկային արժեքների տարածմանն ուղղված Եվրոպայի խորհրդի օրակարգի ձևավորման գործում»:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաև կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը հաստատակամ է շարունակել խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանն ուղղված իր ջանքերը: Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ հայկական կողմը հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում խաղաղ բանակցային ճանապարհով` հիմնված հայտնի երեք սկզբունքների ` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման վրա:
«Ադրբեջանը, սակայն, իր ռազմատենչ կեցվածքով գործընթացը տանում է փակուղի, և նրա այս դիրքորոշման պատճառով է, որ առաջընթաց չի գրանցվում»,-ասաց ԱԺ նախագահը:
ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը կարևորեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները`այս համատեքստում բարձր գնահատելով խորհրդարանի դերը: Շնորհավորելով Հայաստանին ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԵԽԽՎ նախագահը նշեց, որ Հայաստանի համար կարևոր և պատմական հնարավորություն է ստեղծվել առաջ մղելու ԵԽ քաղաքական օրակարգը և հավաստիացրեց, որ իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանի նախագահության ընթացքում նախաձեռնությունների իրականացմանը:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը` Մինյոնը նշեց, որ այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում և մադրիդյան սկզբունքների հիման վրա: