«Հայաստան» հիմնադրամն արտացոլում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը
30/05/2013 10:51

«Հայաստան» հիմնադրամն արտացոլում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստը, ինչպես նախորդները, կկրի խիստ աշխատանքային բնույթ, իսկ որոշումները կլինեն Արցախի և Սփյուռքի առաջ ծառացած խնդրներին արդյունավետ արձագանքելու նպատակադրմամբ: Այս մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստում իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախորդ երկու տարիները, շարունակեց խոսքը երկրի Նախագահը, խիստ հագեցած էին Հայաստանի համար՝ տեղի ունեցան երեք ընտրություններ, որոնք, Ս. Սարգսյանի գնահատմամբ, հրաշալի առիթ դարձան առկա խնդիրները ի հայտ բերելու, հրապարակայնորեն քննարկելու և լուծումների հնարավոր տարբերակները դիտարկելու համար:

«Դեռևս չկա մի ծանրակշիռ հարց՝ ազգային, սոցիալ-տնտեսական կամ այլ ոլորտի, որի վերաբերյալ առկա դիրքորոշումները, որոնք հնչեցվել են այդ ընթացքում, քննության առնված չլինեն»,- ասաց Նախագահը՝ հավելելով, որ կան մեծ սպասումներ, որոնք իրենք պարտավոր են արդարացնել:

Առջիկա տարիները, երկրի ղեկավարի կարծիքով, ոչ միայն իշխանությունների, այլև՝ ողջ հայության համար պետք է լինեն արդյունավետ աշխատանքի տարիներ. «Կարծում եմ՝ լուրջ արդյունքներ արձանագրելու համար ունենք բոլոր հիմքերը, իսկ ընտրությունների բացակայությունը կծառայի որպես լավ առիթ՝ քիչ խոսելու և լավ աշխատելու համար: Մենք շատ գործ ունենք անելու»:

Ս. Սարգսյանը նկատեց, որ այս օրերին բոլորի համար շարունակում է մտահոգիչ մնալ Սիրիայի և սիրիահայերի վիճակը. «Մենք՝ որպես պետություն և հայ ժողովուրդ, աջակցել և աջակցելու ենք մեր քույրերին և եղբայրներին՝ անկախ նրանից նրանք եկել են Հայաստան, թե մնացել են Սիրիայում»:

Համահայկական ոչ մի կառույց, Նախագահի խոսքով, այնքան ամբողջական չի արտացոլում աշխարհի հայության ողջ հնարավորւոթյունները, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, որքան «Հայաստան» համահայկական հիմանդրամը, հետևաբար, ինչպես ասաց Ս. Սարգսյանը, շատ գործ կա անելու:

Նշենք, որ այսօր հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստին խորհրդի 37 անդամներից ներկա են 28-ը, ներկա են նաև տեղական մարմինների 24 ներակայացուցիչներ:

Նախագահի խոսքին հաջորդեց հիմնադրամի գործունեության մասին պատմող փոքրիկ ֆիլմ:

«Հայաստան» հիմնադրամն արտացոլում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը