«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպն» ու «Գելափ ինթերնեյշնլը» ծրագիր կիրականացնեն
01/06/2013 13:57

«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպն» ու «Գելափ ինթերնեյշնլը» ծրագիր կիրականացնեն

Այսօր «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ընկերության և «Գելափ ինթերնեյշնլ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության միջև ստորագրվեց համատեղ ծրագիր անցկացնելու վերաբերյալ համաձայնագիր:

Ըստ ստորագրած համաձայնագրի` ծրագիրը նախատեսում է սպռողական շուկաների, արտադրողների կամ ծառայություններ մատուցողների կողմից արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների շուկաների մշտադիտարկում:

Ծրագրի շրջանակներում իրականացվելու են սպառողների կարծիքների ուսումնասիրություններ ու ստացված արդյունքները լինելու են հրապարակային:

Համաձայնագիրը ստորագրեցին «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» նախագահ, գործադիր տնօրեն Վազրիկ Սեկոյանը և «Գելափ ինթերնեյշնլ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Վազրիկ Սեկոյանի խոսքով` այս ծրագրի նպատակն է սպառողին հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե տվյալ արտադրողը կամ ծառայություն մատուցողը ինչ դիրք ունի շուկայում:

«Կես տարվա ընթացքում կիրականացվեն ուսումնասիրություններ, որոնց արդյունքները կհրապարակվեն յուրաքանչյուր եռամսյակը մեկ»,- ասաց Վազրիկ Սեկոյանը:

Արամ Նավասարդյանն էլ կարծում է, որ այս ծրագիրը ևս մեկ քայլ է քաղաքակիրթ շուկա ձևավորելու համար:

«Ես վստահեցնում եմ, որ հասարակության համար ծրագիրն ու դաշտը կլինեն բաց ու թափանցիկ: Ուսումնասիրության արդյուքների մասին կտեղեկացվեն նաև ԶԼՄ-ները»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Այն դիտարկմանը, թե հասարակության մոտ թերահավատություն կա նման ուսումնասիրությունների նկատմամբ` Վազրիկ Սեկոյանը պատասխանեց, որ նախաձեռնությունը ոչ կոմերցիոն է և որևէ մեկը շահագրգռված չի լինի ինչ-որ կերպ ազդել արդյուքների վրա:

 

«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպն» ու «Գելափ ինթերնեյշնլը» ծրագիր կիրականացնեն