Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանի առջև ծառացած խնդիրները
04/06/2013 13:00

Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանի առջև ծառացած խնդիրները

Պաշտոնական այցով ԱՄՆ-ի մայրաքաղաքում գտնվող Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի հետ: Այս մասին հայտնում են Ր. Հովհաննիսյանի մամուլի գրասենյակից:

Պետքարտուղարությունում կայացած մասնավոր հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի առջև ծառացած ոչ միայն ներքին ժողովրդավարական, այլև միջազգային մարտահրավերներին առնչվող հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ հակամարտության արդարացի կարգավորումը և 1915թ. Հայոց Ցեղասպանության և Մեծ Հայրենազրկման իրական ճանաչումը:

Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես հիմնական բանախոս, ելույթ է ունեցել Ջորջ Վաշինգթոն համալսարանի իրավաբանական դպրոցում հավաքված լսարանի առջև՝ բաղկացած դիվանագետներից, քաղաքական գործիչներից և մտավորականներից:

«Զրույց Հայաստանի մասին» վերտառությունը կրող այս միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական, ռուսական և եվրասիական հետազոտությունների կենտրոնի (Institute for European, Russian, and Eurasian Studies), «Փոլիսի Ֆորում Արմենիա» (Policy Forum Armenia) կազմակերպության և Հայ իրավաբանական միության (Armenian Bar Association) համատեղ ջանքերով:


Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանի առջև ծառացած խնդիրները