.jpg)
Արամ Ասատուրյան. Արտակ Բուդաղյանը վաղը կտեղափոխվի հիվանդասենյակ
Գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը արդեն միջին ծանրության է, կա դրական դինամիկա: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը:
Նրա խոսքով` հավանաբար արդեն վաղը Ա. Բուդաղյանին կտեղափոխեն հիվանդասենյակ: Նա նշեց, որ ամեն օր այցելում է Ա. Բուդաղյանին, զննում նրա վերքը, սակայն դեպքի հետ կապված որևէ բան չի հարցրել:
«Ես դեպքի հետ կապված չեմ խոսել, չեմ էլ ցանկանում խոսել իր հետ, նա տեղյակ չի, որ եղբայրը մահացել է, իսկ եթե ես խոսեմ, նա անպատճառ հարցեր պիտի տա ինձ, ես էլ ստիպված պետք է պատասխանեմ:
Aysor.am-ի հարցին` քանի գնդակ է եղել Ա. Բուդաղյանի մարմնում, հոսպիտալի պետը նշեց, որ եղել է մեկ մուտք և ելք չի եղել:
Հարցին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է Ա. Բուդաղյանին, Ա. Ասատուրյանը նշեց, որ իր իմանալով, Ս. Օհանյանը այդ ժամանակ գտնվել է ՌԴ-ում, այդ պատճառով էլ չի այցելել, սակայն ինքը օրական երկու անգամ` առավոտյան և երեկոյան տեղեկացնում է Ա. Բուդաղյանի վիճակի մասին, իսկ Գլխավոր շտաբի ղեկավարությունը այցելում է նրան:
Ա. Ասատուրյանը հերքեց, որ Ա. Բուդաղյանի մոտ թոքաբորբ է: «Նման խնդիր չունենք»,- ասաց նա:
Նա նշեց, որ Ա. Բուդաղյանի մոտ հետվիրահատական վիճակ է, որովայնի թափանցող հրազենային վիրավորում է ստացել, հրազենային պատռվածքներ: «Որովայնի խոռոչի հետ կապված ցանկացած վիրահատությունից հետո լինում են կպումային հիվանդություններ, հույս ունեմ, որ չի լինի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 2-ին Ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում Գորիս քաղաքի գտնվող, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող, առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում արձակված կրակոցների հետևանքով Ավետիք Էմիլի Բուդաղյանի մահանալու և ևս 2 անձանց մարմնական հրազենային վնասվածքներ ստանալու փաստի առթիվ:
Նախորդող հրապարակում` Դատախազություն. Սուրիկ Խաչատրյանի որդին ձերբակալված է
Բուդաղյանի վիճակը միջին ծանրության է. Վաղը նա ընդհանուր բաժին կտեղափոխվի