.jpg)
ՀՀ Նախագահը ծանոթացավ Դիլիջանի միջազգային դպրոցի շինաշխատանքներին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Դիլիջանի միջազգային դպրոց, որի կառուցումն ընթացքի մեջ է: Սերժ Սարգսյանը ծանոթացավ շինարարական աշխատանքներին, շրջեց շինհրապարակում. ՀՀ Նախագահին ներկայացրեցին կատարված աշխատանքները և առաջիկա ծրագրերը:
Լրագրողների հետ զրույցում Դիլիջան միջազգային դպրոցի նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշեց, որ դպրոցի շինարարական աշխատանքներն ավարտվելու են 2013 թ.-ի հուլիսն, իսկ սեպտեմբերից արդեն երեխաները կարող են ուսումնառություն անցնել դպրոցում:
Ռ. Վարդանյանը նաև հավելեց, որ մինչև այժմ ներդրվել է 20 մլն դոլար, իսկ ընդհանուր առմամբ իրականացվելու է շուրջ 150 մլն դոլարի ներդրում. «Դպրոցը կարևոր նախագիծ է ոչ միայն Հայաստանի, այլև ռեգիոնի համար, այստեղ սովորելու են տարբեր ազգության երեխաներ, ովքեր հետո կարող են ընդունել աշխարհի լավագույն համալսարանները»:
Դպրոցում ներգրավվելու են ուսուցիչներ արտերկրից, նաև Հայաստանից, դպրոցը համատեղ ուսուցման միջազգային կրթարան է, դասավանդումը իրականացվելու է անգլերենով:
Ակնկալվում է, որ 2013 թ.-ի Դիլիջանի միջազգային դպրոցը կդառնա United World Colleges հանրույթի լիիրավ անդամ: Դիլիջանի միջազգային դպրոցը առաջին տարում աշակերտներ կհյուրընկալի 30 երկրներից: Տարեկան ուսման վարձը նախատեսվում է 30 հազար դոլար, լավագույն աշակերտները թոշակ կստանան:
Երեխաները 2014թ.-ին ընդունվելու են Ավագ դպրոց, այնուհետև դպրոցականների տարիքային ցենզը կիջնի: Դպրոցը նախատեսված է 650 աշակերտների և 60 ուսուցիչների համար: