.jpg)
Ո՞վ է փոխհատուցելու «Զվարթնոց» օդակայանում վնասված մեքենաների տերերին
Այսօր՝ ժամը 16.48-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ քամին պոկել է «Զվարթնոց» օդանավակայանի նախկին «VIP» սրահի տանիքն ու նետել ավտոմեքենաների վրա: Դեպքի հետևանքով վնասվել է մոտ 30 ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի 2 հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ դեպքի հետևանքով տուժածներ չկան:
Մալաթիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ դեպքի կապակցությամբ ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ պարզելու քաղաքացիներին պատճառված գույքային վնասների չափերը:
«Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանի փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ օդանավակայանն ապահովագրված է.
«Այս պահին ապահովագրական ընկերության հետ ընթանում են հասցված վնասի գնահատման աշխատանքներ: Ինչպես նաև՝ ուսումնասիրվում են այն ապահովագրական պոլիսները, որոնք ունի օդանավակայանը»:
Նշենք, որ ըստ Aysor.am-ի տեղեկատվությունների, «Զվարթնոց» օդանավակայանն ապահովագրված է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունում: