.jpg)
Ի՞նչ միջոցներով է կառուցվել ՎՊ նախագահի շքեղ առանձնատունը
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացում որակեց ԱԺ-ում Վերահսկիչ պալատի 2012-ի տարեկան հաշվետվության քննարկումը:
Ն. Փաշինյանը ՎՊ նախագահից հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներով է կառուցել Պաշտպանության նախարարության մոտ գտնվող իր շքեղ առանձնատունը: Պատգամավորը նշեց, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն, տունն արդեն բնակեցված է և լավ զարդարված:
«Ես, իհարկե, երջանկություն եմ ցանկանում Ձեզ, Ձեր ընտանիքին, բայց մի փոքր էլ ավելի երջանկություն եմ մաղթում Հայաստանի քաղաքացիներին: Մենք խոսում ենք կոռուպցիայի և չարաշահումների մասին, բայց, ի վերջո, կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ միջոցներով եք կառուցել Ձեր շքեղ առանձնատունը»,- մասնավորապես ասաց Ն. Փաշինյանը:
Ի պատասխան ՎՊ նախագահ Ի. Զաքարյանը նախ ասաց, որ շատ լավ հասկանում է հարցի ենթատեքստը, ապա հայտնեց, որ նման հարց իրեն տվել է նաև լրագրողներից մեկը և ստացել այն անձնավորության անունը, ով ամբողջ ներդրումներն արել է:
Ն. Փաշինյանն արձագանքեց, թե իր հարցը ենթատեքստ չունի, այլ հստակ տեքստով հարց էր` տունն իրե՞ն է պատկանում, թե ոչ, ապրո՞ւմ են այնտեղ, թե ոչ և ի՞նչ միջոցներով է այն կառուցվել:
ՎՊ նախագահը պարզապես հաստատեց, որ այդ տանն ապրում են: