ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի վավերացման գործընթացը սկսվել է
14/06/2013 15:21

ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի վավերացման գործընթացը սկսվել է

Եվրոպական խորհրդարանում սկսվել է Հայաստան-Եվրամիություն վիզաների դյուրացման համաձայնագրի վավերացման գործընթացը: Այս մասին հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:

Եվրոպական խորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեն 
հունիսի 10-ին ներկայացրել է նախագիծ, որով առաջարկում է Եվրոպական խորհրդարանին տալ իր համաձայնությունը Հայաստան-Եվրամիություն վիզաների դյուրացման համաձայնագրի կնքման համար:

Ըստ ընթացակարգի` համաձայնագրի վերջնական վավերացման համար անհրաժեշտ է Եվրամիության խորհրդի որոշումը և Եվրոպական խորհրդարանի համաձայնությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագիրը կնքվել է 2012 թ.-ի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում:

Վիզաների դյուրացման համաձայնագիրը սահմանում է

  • վիզայի համար գանձվող գումարի նվազեցում՝ սահմանված 60 եվրոյից դառնալով 35 եվրո, վճարների վերացում որոշ քաղաքացիների համար (օրինակ՝ ընտանիքի անդամներ և կենսաթոշակառուներ, գիտնականներ, լրագրողներ),
  • դիմումների ուսումնասիրման առավելագույն 10 օրացույցային օրվա ժամկետ,
  • օժանդակ փաստաթղթերի պարզեցված պահանջներ,
  • որոշ կատեգորիաների համար բազմակի մուտքի վիզաների ավելի շատ տրամադրում (օրինակ՝գործարարներ),
  • դիվանագիտական անձնագրերի դեպքում` վիզաների պահանջի վերացում:

Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ`  2013 թ.-ի հունվարի 10-ից Եվրոպական միության անդամ պետությունների քաղաքացիների համար սահմանվեց է ՀՀ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: 

ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի վավերացման գործընթացը սկսվել է