.jpg)
ՕԵԿ-ը կողմ է, որ իրենց նախարարը պատժվի, եթե մեղավոր է
Հերթական անգամ ականատեսն ենք լինում ալան-թալանին: ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով Վերահսկիչ պալատի կողմից ներկայացված մի շարք ոլորտներում արձանագրված աղմկահարույց չարաշահումներին, նման դիտարկում արեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
ՎՊ-ն ԱԺ-ում ներկայացրեց քաղաքաշինության ոլորտում արձանագրված խախտումները: Ի դեպ, քաղաքաշինության նախարարն ՕԵԿ-ական է:
«Անկախ պաշտոնյայի զբաղեցրած պաշտոնից՝ նա պետք է պատժվի: Անցել են այն ժամանակները, երբ պաշտոնյան հանցագործություն կատարի և չպատժվի»,- ասաց Հ. Մարգարյանը:
Պատգամավորը խոստացավ, որ իրենք հետևողական են լինելու և օրենքի առաջ պատասխանատվություն կրի իրենց կուսակիցը, եթե մեղավոր է:
«Անկախ նրանից, թե ինչ կուսակցութունից է, ինչ պաշտոն է զբաղեցնում, մինևնույն է պետք է պատասխանատվության ենթարկվի մեղավորը»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե չարաշահումներ եղե՞լ են այն ժամանկ, երբ ՕԵԿ-ն ընդդիմություն էր, թե իշխանություն, Հ. Մարգարյանն ասաց, որ չարաշահումներ լինում են բոլոր ժամանակներում՝ «և՛ մեր իշխանություն եղած ժամանակ, և՛ ընդդիմություն եղած ժամանակ»:
Նույն խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ասաց, որ իրենք, անկախ նրանից իշխանություն են, թե ընդդիմություն, միշտ էլ կողմնակից են առողջ քննադատությանը. «Մենք երբեք չենք կաշկանդվում քննադատությունից»: