ԱԺ նախագահն առաջարկում է ՎՊ փաստաթուղթն ուղարկել դատախազություն
18/06/2013 14:48

ԱԺ նախագահն առաջարկում է ՎՊ փաստաթուղթն ուղարկել դատախազություն

Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումները տեղավորվում են ժողովրդավարության շրջանակներում, քանի որ իշխանությունն է խոսում իր բացթողումների ու շահարկումների մասին։ Անդրադառնալով Վերահսկիչ պալատի նախորդ տարվա տարեկան հաշվետվությանը, ելույթ ունենալով Հանրապետական խմբակցության անունից՝ այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Միայն ուժեղ իշխանությունը կարող է այդկերպ վարվել։ Մեր նպատակը որևէ մեկի վրա անհիմն ցեխ շպրտելը չէ, այլ՝ չարաշահումների բացառումն է»,- ասաց ԱԺ նախագահը։

Հ. Աբրահամյանը հայտարարեց` որոշ մարդկանց զարմացնում է, թե ինչու է ինքը զարմանում. «ՀՀ Նախագահը պայմանավորվածություն չունի որևէ նախարարի, մարզպետի հետ, որ պիտի պաշտոնի գան ու չարաշահումներով զբաղվեն։ Դրա համար ենք ասում, որ պիտի պատասխանատվության ենթարկվեն»:

Շարունակելով խոսքը՝ ԱԺ նախագահը նշեց, որ պետք է որևէ ձևաչափ մտածել՝ այս պատասխանատու ամբիոնից հնչեն հիմնավոր մեղադրանքներ։ Նա առաջարկեց ՎՊ հաշվետվությունը քննարկել համապատասխան հանձնաժողովներում՝ գործադիրի համապատասխան կառույցների մասնակցությամբ, ինչպես նաև՝ ՎՊ հաշվետվության քննարկումներին մասնակցեն ՎՊ-ն, կառավարությունը և գլխավոր դատախազությունը։

«Չարաշահումներն արմատախիլ անելու բանալին ՎՊ-կառավարություն-դատախազություն-Աժ համագործակցությունն է և հետևողականությունը»,- կարծում է խորհրդարանի ղեկավարը։

Հ. Աբրահամյանը ՎՊ-ին, կառավարությանը, ԱԺ հանձնաժողովներին առաջարկեց շինարարական և գնումների ոլորտի նորմատիվները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար ԱԺ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը կնպաստի չարաշահումների բացառմանը։

Եթե ԱԺ-ն հսատատի, այլ ոչ թե ի գիտություն ընդունի ՎՊ հաշվետվությունը, ապա, ինչպես ասաց խորհրդարանի ղեկավարը, ՎՊ-ն կդադարի անկախ կառույց լինելուց և կվերածվի ԱԺ կցորդի։

«Մենք անկեղծ ենք մեր գնահատականների մեջ։ Մեզ համար անընդունելի է, որ ՎՊ-ն փաստեր ներկայացնի, իսկ ԱԺ-ն լռի։ Ես առաջարկում եմ այս փաստաթուղթն ուղարկել դատախազություն՝ վերջինիս առաջարկելով այդ գործընթացների մասին պարբերաբար տեղյակ պահել ԱԺ-ին և կառավարությանը։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր երկրում չարաշահումներ չլինեն։ Մենք պատասխանատու ենք մեր գործողությունների համար և շատ լավ գիտակցում ենք, դրա համար մեծամասնություն ենք»,- եզրափակեց խոսքը ԱԺ նախագահը։

 

ԱԺ նախագահն առաջարկում է ՎՊ փաստաթուղթն ուղարկել դատախազություն