.jpg)
Փոխնախարարը գնում է Արարատ. «Սպայկան» խոստացել է 5000 դրամով գնել ծիրանը
Այսօր Արարատի մարզում մի խումբ գյուղացիներ բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք փակել են ճանապարհը, քանի որ ինչ-որ «ֆուռատերեր փորձում են շատ էժան գնով գնել իրենց աճեցրած ծիրանը»:
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` ակցիային մասնակցում էին Այգեպատի, Այգեզարդի, Քաղցրաշենի և Նարեկ գյուղերի բնակիչները:
Քաղցրաշենի գյուղապետը Վալերիկ Գյուլամիրյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք գյուղից ակցիային որևէ մեկը չի մասնակցում, իրենք նման բողոք չունեն և իրենց գյուղի ճանապարհը չի փակվել:
Այգեպատի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը Aysor.am-ի թղթակցին հայտնեց, որ իրենց գյուղից չկան ցույցին մասնակցող մարդիկ, սակայն մի քանի փոխմարզպետեր հանդիպել են գյուղացիներին և խոստացել լուծել խնդիրը:
«Փոխմարզպետերը համաձայնության են եկել, գնացել գյուղերը: «Սպայկան» խոստացել է, որ եթե համաձայնության չգանք, կգնի ծիրանի արկղը 5000 դրամով: Հիմա եկել ենք, որ բարձրանանք դաշտերը»,-ասաց նա, նշելով, որ գյուղացիների բողոքը արդարացի է, եթե փորձում են էժան գնով գնել ծիրանը:
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ հիմա գնում է Արարատի մարզ, իր հետ է նաև «Սպայկայի» ներկայացուցիչը, իսկ մանրամասներ կարող է հայտնել գյուղացիներին հանդիպելուց հետո: