.jpg)
«ՎՊ բացահայտումները կգնան Գլխավոր դատախազություն, մարդիկ մեջտեղ կգան»
Քաղաքական մեծամասնությունը ձեռնամուխ է եղել իր իսկ գործունեության արատների դեմ պայքարելուն, ինչը դրական է: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ՀՀ վերահսկիչ պալատի զեկույցի մասին, նման կարծիք հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«ԱԺ-ում ՎՊ-ի քննարկումը լավագույնն էր երբևիցե եղած քննարկումներից՝ անկախ նրանից, որ ՎՊ նախագահի կողմից հնչեցին քաղաքական գնահատականներ։ Ոչինչ, քննարկում էր, դա էլ էր կարելի»։
Խ. Հարությունյանը վստահություն հայտնեց, որ ՎՊ բացահայտումները կգնան Գլխավոր դատախազություն, «լիքը մարդիկ մեջտեղ կգան»:
ՎՊ հաշվետվության քննարկումները, պատգամավորի կարծիքով, հասարակության մոտ սպասելիքներ ձևավորեցին, թե ինչ կլինի հետագայում, ոչ միայն ովքեր կպատժվեն, այլև` ինչ քաղաքական լուծումներ են սպասվում. «Խնդիրը միայն մարդկանց պատժելը չէ, պետք է այնպես անել, որ մարդկանց մոտ նվազի խախտում անելու ձգտումը»:
Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե ՎՊ հաշվետվության ներկայացումը շոու էր, Խ. Հարությունյանը նկատեց, թե ժամանակը ցույց կտա` քննարկումները շոու էին, թե ոչ, եթե ժամանակի ընթացքում որևէ բան չփոխվեց, ուրեմն ընդդիմադիրները ճիշտ կլինեն, որ դա իսկապես շոու է։