.jpg)
Քննարկվել է ԱրմՌոսգոսռեզերվի աշխատանքների հարցեր
Այսօր Կառավարության ընդունելության տանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը քննարկել են Հայաստանում հայ-ռուսական համատեղ պահուստների տարածաշրջանային ենթակառուցվածք (ԱրմՌոսգոսռեզերվ) ստեղծելու աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության խորհրդից:
ԱրմՌոսգոսռեզերվը կունենա տարածաշրջանային նշանակություն նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում: Այն կարևոր նշանակություն կունենա Հայաստանի պետական պահուստների համակարգի զարգացման տեսանկյունից:
Հայ-ռուսական պետական ռեզերվների գործակալության ստեղծումը պայմանավորված է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմարդյունաբերության համագործակցության մակարդակի ու արդյունավետության բարձրացմամբ, ինչն ամրագրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին պայմանագրով:
Ենթակառուցվածքի ստեղծման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել նաև ռուսական պատվիրակության կազմում Հայաստան ժամանած ՌԴ պետական ռեզերվների Դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Պյոտր Եֆանովի և «Պետական ռեզերվների գործակալություն» ՊՈԱԿ-ի պետ Սերգեյ Շահինյանի միջև:
Քննարկումից հետո Պյոտր Եֆանովը և Սերգեյ Շահինյանը այցելել են ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն, շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: