.jpg)
Սուրիկ Խաչատրյանն ինքը հակված չէ նորից մարզպետ դառնալ. Գ. Սահակյան
ՀՀԿ-ն դեռևս մարզպետների հարց չի քննարկել, մարզպետարանների մեծ մասում ուսումնասիրություններ են կատարվել, դրանք կավարտվեն, և եթե լինի անբավարար աշխատանք, կարծիք կհայտնենք: Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
«Մենք դեռևս չենք որոշել, թե որ մարզպետներին պետք է աշխատանքից ազատենք կամ հրաժարական տան, եթե արդյունքները գոհացուցիչ չլինեն, կառավարությունը կորոշի»,- ասաց նա:
Անդրադառնալով Արարատի մարզպետարանում հայտնաբերված չարաշահումներին և մարզպետ Էդիկ Բարսեղյանի պաշտոնանկությանը վերաբերող խոսակցություններին` Գ. Սահակյանը հստակեցրեց, որ չարաշահումը և թերացումը տարբեր բաներ են. «Դեռևս պարզ չէ, թե եթե չարաշահում կա, ով է կատարել»,- ասաց նա` հավելելով, թե բոլոր հարցերում չի կարելի թիրախ դարձնել մարզպետին:
Դիտարկմանը, թե Սյունիքի մարզպետի նշանակման հարցն անընդհատ երկարաձգվում է, նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի վերադարձը հնարավո՞ր է, Գ. Սահակյանն անկեղծացավ.«Սուրիկ Խաչատրյանն ինքը հակված չէ նորից մարզպետ դառնալ»,- ասաց նա` և հավելեց, որ վարչապետը երբ նպատակահարմար կգտնի, այն ժամանակ էլ կնշանակի մարզպետին: