.jpg)
Դավիթ Հարությունյանը նամակ է հղել ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին
Այսօր Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նամակ է հղել ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին: Այն վերաբերում է հայկական պատվիրակության տեսլականին Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ վաղը՝ հունիսի 26-ին, նախատեսվում է հանդիպում ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև: Դ. Հարությունյանն անդրադառնալով հանդիպման հիմնական նպատակին, նամակում նշում է. «Պատվիրակությունների միջև ձևավորել փոխհարաբերությունների այնպիսի մակարդակ, ինչը հնարավորություն կտա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկել հանդուրժողականության և փոխվստահության մթնոլորտում: Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը չեն կարող ընդգրկել հարցերի այն շրջանակը, որոնք քննարկվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից»:
ԵԽԽՎ նախագահին ուղղված նամակում ներկայացված են նաև հայկական պատվիրակության կողմից քննարկման համար առաջարկվող առաջնահերթ խնդիրներ. «Որևէ կողմից այլատյացության, անհանդուրժողականության և ռասիզմի ցանկացած դրսևորման նկատմամբ մշտադիտարկման իրականացում, համատեղ նիստում կողմերից ցանկացածի՝ այս համատեքստում բարձրացված հարցի քննարկում, գնահատում, կանխարգելման ուղղությամբ համատեղ քայլերի մշակում և իրականացում, քաղաքացիական հասարակության շփումների խթանում»:
Տեղեկացնենք նաև, որ Վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում մերժվեց 31 եվրոպացի պատվիրակների կողմից ստորագրված «Հայաստանի նախագահությունը Նախարարների կոմիտեում» վերտառությամբ փաստաթուղթը, որով առաջարկվում էր կասեցնել ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը: