.jpg)
Նախագահ. Եվրոպան, ցավոք, ոմանց համար դեռևս միայն շուկա է, ոչ արժեհամակարգ
«Հիրավի, զավեշտական է, երբ մեր մի հարևանը, որը հայտարարում է եվրոպական ուղին որդեգրելու մասին, զուգահեռաբար հերոսացնում է էթնիկ հողի վրա ստոր մարդասպանություն գործած սրիկային, սպառնում է հարվածել քաղաքացիական օդանավերին, պատերազմով զրկել հազարամյակներով իր հողի վրա ապրող ժողովրդին այդ իրավունքից»,- Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները, որին հաջորդել է երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես, ստորագրվել են՝ ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագիր, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ԼՀ մաքսային ծառայության միջև մաքսային իրավախախտումների դեմ պայքարի և գործընկերային հարաբերությունների զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԼՀ գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ բնապահպանության նախարարության և ԼՀ բնապահպանության նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ մտադրությունների մասին հռչակագիր:
Բանակցությունների արդյունքներն նախագահներ Սերժ Սարգսյանը և Բրոնիսլավ Կոմորովսկին ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
«Այսօր մենք Նախագահ Կոմորովսկու հետ բովանդակալից ու արդյունավետ զրույց ունեցանք երկկողմ համագործակցության ամրապնդման, զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային հարցերի շուրջ: Գոհունակությամբ արձանագրեցինք, որ վերջին տարիները հայ-լեհական միջպետական հարաբերությունների պատմության մեջ նշանավորվեցին երկկողմ կապերի վերընթաց զարգացմամբ և բարձրաստիճան պաշտոնական` այդ թվում և նախագահական մակարդակով այցերի ու հանդիպումների հաճախակիությամբ։
Անդրադարձանք 2011թ. Լեհաստանի Նախագահի Հայաստան պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Ուրախ եմ արձանագրել, որ բոլոր քննարկված ուղղություններով մենք տեսնում ենք առաջընթաց, ինչը վկայում է հայ-լեհական համագործակցությունը զարգացնելու մեր փոխադարձ շահագրգռվածության և հանձնառության մասին: Նախագահ Կոմորովսկու հետ լիովին համակարծիք էինք, որ համագործակցության լավ հիմքեր են դրվել քաղաքական, տնտեսական, մշակութային, ապակենտրոնացված համագործակցության, ռազմատեխնիկական, կրթամշակութային, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում՝ միևնույն ժամանակ դրանց ոլորտային ընդլայնման ներուժն ընդգծելով։ Այսօր ստորագրված փաստաթղթերը դրա վկայությունն են»,- նշել է Սերժ Սարգյանը:
Երկու երկրների նախագահները քննարկել են նաեւ համագործակցության հեռանկարները ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, որի համահեղինակը և անշեղ իրականացնողը, աջակիցը նաև Լեհաստանն է:
«Ցավոք, մեր տարածաշրջանում դեռևս առկա են խնդիրներ, հանգամանքներ, որոնք խոչընդոտում են Արևելյան գործընկերությամբ ընձեռված հնարավորությունների լիարժեք իրացմանը: Եվրոպան, ցավոք, ոմանց համար դեռևս միայն շուկա է և ոչ թե արժեհամակարգ: Հիրավի, զավեշտական է, երբ մեր մի հարևանը, որը հայտարարում է եվրոպական ուղին որդեգրելու մասին, զուգահեռաբար հերոսացնում է էթնիկ հողի վրա ստոր մարդասպանություն գործած սրիկային, սպառնում է հարվածել քաղաքացիական օդանավերին, պատերազմով զրկել հազարամյակներով իր հողի վրա ապրող ժողովրդին այդ իրավունքից: Մեր մյուս հարևանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա և հանդիսանում է ԵՄ մաքսային միության անդամ, մեր անկախության առաջին իսկ օրերից փակել է մեր սահմանը և հրաժարվում է 21-րդ դարում հարևանների միջև այդքան առօրեական համարվող հարաբերություններից: Եվրոպայի հետ մեր վարած բանակցությունների առանցքն է շուկաների փոխադարձ հասանելիությունը, մարդկանց տեղաշարժի ազատությունը, բայց միևնույն ժամանակ Հայաստանի սահմանը ԵՄ մաքսային միության հետ մնում է փակի տակ: Մենք ակնկալում ենք դրա անընդունելիության լիարժեք և հստակ գնահատական»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: