Դ. Կանայանի անվան ինստիտուտը դարձավ ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի անդամ
26/06/2013 13:32

Դ. Կանայանի անվան ինստիտուտը դարձավ ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի անդամ

ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը դարձավ ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի անդամ: Այս մասին հուշագիրը ստորագրվեց այսօր` Երևանում ընթացող «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով համաժողովի ժամանակ:

«Վերլուծական բաղադրիչը ունի հիմնարար նշանակություն ՀԱՊԿ գործունեության մեջ»,- իր բացման խոսքում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ ընդգծելով, որ նման հանդիպումների ու քննարկումների արդյունքում է, որ պետությունների առջև եղած խնդիրների վերաբերյալ գտնվում են լուծումներ ու այդ լուծումների մասին տեղյակ են պահվում երկրների ղեկավարները.

«Ես ցանկանում եմ մեր համաժողովին բեղումնավոր աշխատանք, հետաքրքիր քննարկումներ ու ամենակարևորը` արդյունավետ առաջարկներ, որոնք հետագայում կկիրառվեն մեր կազմակերպության գործունեության մեջ»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան:

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն իր հերթին ողջունեց համաժողովի մասնակիցներին` ցանկանալով արդյունավետ, համատեղ աշխատանք.

«Համաժողովի անվանումը` «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները», արդեն խոսում է դրա կարևորության մասին: Նմանատիպ միջոցառումներ Հայաստանում առաջին անգամը չէ, որ անցկացվում են և դրա համար ես շնորհակալ եմ հարգելի Նիկոլայ Նիկոլաևիչի Բորդյուժային: Ցանկանում եմ ասել, որ անցյալ տարին հոբելյանական էր ՀԱՊԿ համար և այն պատմության մեջ կմնա որպես ամենաարդյունավետ գործունեություն արձանագրած տարիներից մեկը: Աշխատանքներ տարվում էին տարբեր ուղղություններով: Կայացվեցին մի շարք որոշումներ: Հույս ունեմ, որ այս համաժողովի մասնակից առաջատար մասնագետները քննարկումների արդյունքում կկարողանան գտնել ուղիներ այդ որոշումները գործնական դաշտում կիրառելու համար: Թույլ տվեք ևս մեկ անգամ արդյունավետ աշխատանք մաղթել բոլորիս»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Համաժողովի բացմանը ընթերցվել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Նախագահի ուղերձում նշվել է, որ ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի օրինաչափ զարգացումը կնպաստի կազմակերպության պատասխանատվության գոտում կայունությանն ու անվտանգությանը:

Նշենք, որ «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով համաժողովն իր գործունեությունը կշարունակի նաև վաղը:

Նախորդող հրապարակումներ՝ Ս. Օհանյան. Հայաստանը կուրորեն չի ներքաշվում սպառազինության մրցավազքի մեջ

Բորդյուժան` Ադրբեջանին վաճառված զենքի մասին. Գործարքը շուկա է` բիզնես


 

Դ. Կանայանի անվան ինստիտուտը դարձավ ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի անդամ