Կստեղծվեն ՀԱՊԿ կոլեկտիվ ավիացիոն ուժեր. Հայաստանը դրանց կազմում է
27/06/2013 15:08

Կստեղծվեն ՀԱՊԿ կոլեկտիվ ավիացիոն ուժեր. Հայաստանը դրանց կազմում է

Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի միջև ստորագրվեց Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցության խորացման վերաբերյալ արձանագրություն: Ի թիվս այլ ուղղությունների, այս արձանագրությամբ ստեղծվում են ՀԱՊԿ շրջանակներում կոլեկտիվ ավիացիոն ուժեր: Դրանք կազմավորվելու են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներից տրամադրված ստորաբաժանումներով:

«Փստաթղթերն արդեն ստորագրված են ու գործում է աշխատանքային ժամանակացույց, որի շրջանակներում կոլեկտիվ ավիացիան կձևավորվի»,-արձանագրության ստորագրումից հետո լրագրողներին ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ավելացրեց.

«Ընդ որում, կոլեկտիվ ասվածը, վերաբերում է ՀԱՊԿ-ի թե՛ Կովկասյան տարածաջրջանին, թե՛ մյուս տարածաշրջաններին, քանի որ ավիացիոն բաղադրիչը չափազանց կարևոր է: Բացի դրանից այսօր քննարկվում են նաև Գյումրու ավիացիոն բազայի հետագա արդիականացման խնդիրները` Ռուսաստանի «Вертолеты России» ընկերության հետ համատեղ»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

ԱԱԽ քարտուղարը հատուկ ընդգծեց, որ Հայաստանում օդուժն ընդլայնվելու է:

«Ընդլայնվելու է ոչ միայն օդուժն, այլև` ընդհանրապես ռազմաօդային պաշտպանության համակարգն արդիականացվելու ու վերազինվելու է: Վերազինվելու է 102-րդ ռուսական ռազմաբազան: Վերազինվելու են ռուսական սահմանապահ ստորաբաժանումները և 2014թ.-ը վերազինման առումով շատ կարևոր տարի է լինելու»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

Նիկոլայ Բորդյուժան` մեկնաբանելով կոլեկտիվ ավիացիոն ուժերի ստեղծումը, նախ ընդգծեց դրանց կարևորությունն ու առանձնացրեց գործունեության հատկապես երկու կարևոր ուղղություն.

«Կոլեկտիվ ավիացիան առաջին հերթին կոչված է լինելու զինված ուժերի կոնտինգենտի տեղափոխմանը, եթե այս կամ այն տարածաշրջանում գործողություն իրականացնելու կարիք լինի: Երկրորդ` ապահովելու է օդային պաշտպանությունը բոլոր այն գործողությունների ժամանակ, որոնք իրականացնելու են ՀԱՊԿ կոլեկտիվ ուժերը: Ընդհանուր առմամբ, կոլեկտիվ ավիացիոն ուժերը կնպաստեն ազգային Զինված ուժերի գործունեությանը` երկրների ինքնորոշման կամ տարածքային ամբողջականության սկզբունքների խախտման դեպքում»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Նշենք, որ ստորագրված արձանագրությունով նախատեսվում է ՀԱՊԿ-Հայաստան համագործակցության խորացում ընդհանուր առմամբ 20 ուղղություններով: Այդ թվում` արագ արձագանքման ստորաբաժանումները վերազինում նորագույն սպառազինություններով, ՀԱՊԿ շրջանակներում հատուկ փրկարարական ստորաբաժանումների ձևավորում, ՀԱՊԿ անդամ երկրների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների միջև մշտական երկխոսության ձևավորման մեխանիզմ: Մասնավորապես` կիբերանվտանգության մշտական գործող կենտրոնների ստեղխում ՀԱՊԿ անդամ երկրներում:

Նախորդող հրապարակումներ` Բորդյուժան` Ալիևի հայտարարության մասին. Ոմանք մոռացել են 90-ականները

ԱԱԽ քարտուղար. Զինված ուժերը համալրվում են նորագույն սպառազինություններով

Կստեղծվեն ՀԱՊԿ կոլեկտիվ ավիացիոն ուժեր. Հայաստանը դրանց կազմում է