.jpg)
Փորձագետ. Սպառազինության մրցավազքի նոր փուլ է մեկնարկել
Զենք գնելով` Բաքուն հերթական մի քայլն է արել, բայց դա չի նշանակում, որ կարող է հասնել իր նպատակին: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված նորագույն զինտեխնիկայի վաճառքին, նման կարծիք հայտնեց Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«Բաքուն մի քանի ուղղություններով չի կարող ճեղքել արցախյան ճակատում մեր պաշտպանությունը»,- ընդգծեց փորձագետը:
Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա Դ. Ջամալյանը նշեց, որ մենք ունենք այնպիսի զինատեսակներ, որոնցով կկարողանանք զսպել հակառակորդի ագրեսիան` չեզոքացնելով թշնամու կարևոր ենթակառուցվածքները:
«Մենք գործ ունենք սպառազինության մրցավազքի նոր փուլի մեկնարկի հետ, հետևաբար մենք պետք է հետ չմնանք Ադրբեջանից: Անհրաժեշտ է համարժեք պատասխան տալ»,- ասաց Ջամալյանը` օրինակ բերելով, որ պետք է գնել հրթիռային ու հակատանկային զենքեր:
Խոսելով հայ-ռուսական դաշինքի մասին` փորձագետը նշեց, որ այն հնարավորություն է տալիս մատչելի գներով զենք գնել ու սպառազինվել:
«Հայ-ռուսական դաշինքը հավասարության վրա է հիմնված: Մենք չպետք է կաշկանդվենք մեր ռազմավարական գործընկերոջ առաջ ցանկացած հարց դնելուց, և պետք է միշտ հիշենք` մեր երկրի հեռանկարը սպառազինությունների մրցավազքից հետ չընկնելն է»,- ասաց նա: