.jpg)
Հովիկ Աբրահամյանը Ստրասբուրգում անդրադարձավ Սաֆարովի գործին
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից:
Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ:
Ողջունելով ԱԺ նախագահին` ԵԽԽՎ նախագահը կարևորեց Հայաստանի խորհրդարանի նախագահի այցը և ներկայությունը ԵԽԽՎ նստաշրջնանին: Ժան Կլոդ Մինյոնը շնորհակալություն հայտնեց Հայաստանի խորհրդարանին ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի նիստերը Երևանում գերազանց կազմակերպելու և անցկացնելու համար: ԵԽԽՎ նախագահը կարևորեց ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը, հայտարարած առաջնահերթությունները և օրակարգը: Նա կարևոր համարեց ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ակտիվ գործունեությունը և բարձր գնահատեց Վեհաժողովի քաղաքական խմբերում և հանձնաժողովներում կատարած աշխատանքը:
Այցի շրաջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը կարևորեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցը և ուրախությամբ նշեց, որ առաջիկայում ինքը առաջին անգամ կայցելի Հայաստան՝ մասնակցելու Ազգային ժողովում կայանալիք «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» միջազգային համաժողովին:
Դին Շպիլմանը բարձր գնահատեց հայ 4 իրավաբանների աշխատանքը Եվրոպական դատարանում և հույս հայտնեց, որ Հայաստանից նոր երիտասարդ իրավաբաններ կգործուղվեն ՄԻԵԴ, քանի որ դատարանը իր ծանրաբեռնվածության պատճառով լրացուցիչ իրավաբանների կարիք ունի:
Ըստ Շպիլմանի` դա կարևոր է և արդյունավետ նաև փորձի փոխանակման առումով: ՄԻԵԴ նախագահը անդրադարձավ նաև Հայաստանին վերաբերող գործերին` նշելով, որ դրանք տարբեր աստիճանի բարդություն ունեն, սակայն մեծ թիվ չեն կազմում:
Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի գործին` Դին Շպիլմանը նշեց, որ Եվրոպական դատարանը նման զգայուն գործերի փորձ ունի և ՄԻԵԴ գնահատականը միանշանակ կլինի իրավական: