.jpg)
Ս. Օհանյան. Պետք է ուշադիր լինենք անհայտ կորած տղաների ընտանիքների նկատմամբ
Անհայտ կորածների տվյալների հավաքագրման և օպերատիվ հետախուզական աշխատանքներում ցանկալի արդյունքի չենք հասնում` Ադրբեջանի վարած ապակառուցողական քաղաքականության պատճառով: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Բնականաբար, շարունակում ենք օպերատիվ հետախուզական աշխատանքները: Ցավոք սրտի, դրանք այնքան էլ արդյունավետ չեն, քանի որ մենք Ադրբեջանի հետ կապ ենք հաստատում միայն միջազգային կառույցների միջոցով: Անմիջական կապի բացակայությունը թույլ չի տալիս, որ լիարժեք ինֆորմացիա ստանանք»,- ասաց նախարարը:
Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ գործում է գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովը, որը տարին 2 անգամ նիստեր է անցկացնում ու ամփոփում է եղած տվյալները:
«Մեր ընկերներից շատերը զոհվեցին, ոմանք էլ բռնեցին անհայտության ճանապարհը: Նրանց հարազատները դեռ սպասում են տղաների վերադարձին: Մեզ համար` այո՛, անչափ կարևոր է իմանալ` ի՞նչ է եղել նրանց հետ, ի՞նչ ճակատագիր են ունեցել, որտե՞ղ են, բայց բոլորիս խնդիրն է նաև` ուշադիր լինել անհայտ կորած տղաների ընտանիքների նկատմամբ»,- ասաց նախարար Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում և Արցախում անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: Ընդհանուր առմամբ Հայաստանից ու Արցախից անհայտ կորած է համարվում 1000 ազատամարտիկ: