.jpg)
Ա. Ադիբեկյան. Bloomberg-ի տվյալներն անարժանահավատ են
«Եթե հավատանք Bloomberg-ի տվյալներին, ապա հայ ժողովրդի մեծ մասը ծխում է, հետո զգում, որ կայֆ չի ստացել, սկսում է խմել, եթե էլի կայֆ չի ստանում, սկսում է թմրանյութ օգտագործել, հետո տենց անջատված գնում է կազինոներում փողերը ծախսում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` մեկնաբանելով Բլումբերգ ընկերության ներկայացրած հետազոտությունը, համաձայն որի, Հայաստանը աշխարհի արատավոր երևույթների հանդեպ հակումներ ունեցող երկրների ցուցակում չորրորդն է:
Bloomberg-ի տվյալները անարժանահավատ է համարում նաև հոգեբան Սիրանուշ Գևորգյանը: «Եթե արատների քանակը, որը վերագրվում է Հայաստանին, իրական լիներ, ապա բարձր կլիներ նաև հանցագործությունների քանակը, այնինչ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը: Պետք է պարզել, թե այդ ինչ պատվեր է տրվել, որ մեր և մեր հարևանների տվյալները այդքան կտրուկ տարբերվում են»,- ասաց Ս. Գևորգյանը:
Ա. Ադիբեկյանին հատկապես զարմացրել էր թմրամոլների թիվը, համաձայն որոնց. «Վրաստանում թմրամոլները 240-250 հազար հոգի են, Հայաստանում՝ 160 հազար, իսկ Ադրբեջանում, որը թմրամիջոցների տրանսֆերի հայտնի տարածք է, ընդամենը 20 հազար թմրամոլ կա: Իսկ մեր նարկոդիսպանսերում գրանցված է ընդամենը 4300-4400 մարդ, ասենք, չգրանցվածներն էլ չորս անգամ շատ են, թող լինի՝ 16 հազար մարդ, բայց էդ մյուս զրոն որտեղի՞ց ավելացավ, չեմ հասկանում»,- ասաց Ա. Ադիբեկյանը:
Նրան կասկածելի էր թվում նաև խաղամոլների քանակը, որով Հայաստանը կրկին առաջատար դիրքերում էր: Ա. Ադիբեկյանի կարծիքով` նրանք խաղադրույք անել են համարում նաև ՀԴՄ կտրոններով խաղարկությունը: