Հայաստանում հասարակության 57%-ը չի ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ
09/07/2013 14:23

Հայաստանում հասարակության 57%-ը չի ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ

Հայաստանում հասարակության միայն 19%-ն է գտնում, որ կոռուպցիան երկրում նվազել է, 43%-ն ընդհակառակը՝ կարծում է, որ գրանցվել է կոռուպցիայի աճ: Մեր հասարակության 83%-ը կոռուպցիան երկրում լուրջ խնդիր է համարում, միաժամանակ 57%-ը չի ցանկանում ոչևէ կերպ ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարին։ Սա «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի 2013-ի կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) հարցման արդյունքներն են, որոնք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Ընդ որում, հարցվածների կարծիքով Հայաստանում ամենակոռումպացվածն են համարվում հենց այն կառույցները, որոնք առաջին հերթին պետք է պայքարեն դրա դեմ, օրինակ` դատական համակարգը: Կոռումպացվածության աստիճանով երկրորդ տեղում է առողջապահական համակարգը, երրորդում` պետական պաշտոնյաններն ու հանրային ծառայողները.

«Հաջորդիվ ու շատ քիչ տոկոսային հարաբերությամբ, մարդիկ կոռումպացված են համարում Ոստիկանությունը: Համեմատության համար` եթե դատական համակարգը համարվում է 69% կոռուպացված, ապա ոստիկանությանը կոռումպացված է համարում հարցվածների 66%-ը»,- լրագրողներին ասաց Վարուժան Հոկտանյան:

Հետաքրքիր է, որ ամբողջ աշխարհում ևս հարցվողների մեծամասնությունն ամենակոռումպացվածն է համարում վերոնշյալ ոլորտները: Ամենակոռումպացված եռյակն առանձնանում է միայն մեր հարևան Վրաստանում, որտեղ կոռումպացվածության մակարդակով առաջատարը դատական համակարգն է, իսկ ահա երկրորդ տեղում լրատվամիջոցներն ու մեդիան են, որին հաջոդում է խորհրդարանը:

«Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին` Հայաստանում հարցվողների մեծամասնությունը հոռետես է ու պասիվ: Մարդիկ չեն հավատում, որ այս պայքարում հասարակ քաղաքացին ինչ-որ բան կարող է փոխել: Ընդ որում, Հայաստանն այս առումով` Էստոնիայի, Լիտվայի, Ղրղըզստանի, Թունիսի, Սերբիայի և Ուկրաինայի հետ ամենաթերահավատ երկրներից է»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:

Համաձայն հարցումների` կոռուպցիայի դեմ հասարակ քաղաքացու պայքարի արդյունավետությանը Հայաստանում հավատում է հասարակության 21-40 տոկոսը: Մեր երկրում հարցվողների միայն 43%-ն է նշել, որ կցանականար ինչ-որ բան անել երկրում կոռուպցիայի նվազման համար.

«Այս թվերը արդյունքն են մեր քաղաքացիների թերահավատության: Հայաստանում քաղաքացիների մեծ մասը հարցումների ժամանակ ասել են, որ ոչ թե չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ, այլ` չեն հավատում այդ պայքարի արդյունավետությանը»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:

Նշենք, որ 2013-ի կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի տվյալների համաձայն` կոռուպցիան զգալիոերն նվազել է մեր հարևան Վրաստանում ու Ադրբեջանում: Միաժամանակ պետք է նշենք, որ Ադրբեջանում հարցումներն անցկացվել են ոչ թե առերես, այլ` հեռախոսով: Բացի այդ այս երկրի տվյալներից բացակայում են մի քանի ցուցանիշներ: Օրինակ` նշված չէ, թե քաղաքացիների քանի տոկոսն է վերջին մեկ ամսվա մեջ կաշառք տվել:

 

Հայաստանում հասարակության 57%-ը չի ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ