.jpg)
«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվելու է Մադրիդյան սկզբունքներով»
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը այսօր բանակցության առարկա է, իսկ բանակցային գործընթացը տեղի է ունենում Մինսկի խմբի շրջանակներում: Բանակցային գործընթացի համար մշակվել են որոշակի սկզբունքներ և դրանք հիշատակվեցին վերջերս` Մեծ ութնյակի գագաթաժողովի ընթացքում: Այս սկզբունքները կրում են մադրիդյան սկզբունքներ անունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ղարաբաղյան բանակցային գործընթացի ներկա փուլին ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Նա նշեց, որ այդ սկզբունքները ներառում են ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք:
«Համանախագահողները իրենց վերջին հայտարարության մեջ նախագահների մակարդակով ևս մեկ անգամ հիշեցրել են, որ այս սկզբունքները որդեգրվում են բոլոր 3-ը միասին, այլ ոչ թե առանձին-առանձին` սելեկտիվ մոտեցմամբ»,-նշեց դեսպանը:
Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընթանա հենց այդ սկզբունքների առաջնորդությամբ և շրջանակներում:
«Հակամարտության կարգավորման որոշում կայացնողը 2 երկրներն են լինելու: Որոշումը կայացվելու է 2 երկրների ղեկավարների մակարդակով»,-ասաց Ա. Ռենոն:
Ըստ նրա՝ հակամարտող կողմերն են որոշելու, թե ինչ կարգավիճակ է շնորհվելու Ղարաբաղին: