Անրի Ռենո. Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները բարձր մակարդակի վրա են
12/07/2013 11:40

Անրի Ռենո. Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները բարձր մակարդակի վրա են

«Այս տարի Բաստիլի գրավման 224-րդ տարեդարձն է և մենք ամեն տարի նշում ենք այս տոնը, որպես Ֆրանսիայի Ազգային տոն: Հուլիսի 14-ը շատ կարևոր նշանակություն ունի բոլոր ֆրանսիացիների համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա խորհրդին ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Նա նշեց, որ այս տոնը նշվում է որպես միապետության տապալման և բոլոր ֆրանսիացիների միավորման, համախմբման տոն:

«Ֆրանսիացիների այս համախմբումն է, որ հանգեցրեց Ֆրանսիայի ուժեղ քաղաքականության ձևավորմանը: Ֆրանսիայի քաղաքական բոլոր այրերը հաշվի են առել այս տոնը և Ֆրանսիայի նախագահների որդեգրած քաղաքականության հիմքում ընկած է հենց ֆրանսիացիների համախմբման գաղափարը»,-ասաց բանախոսը:

Դեսպանը նշեց, որ միշտ էլ կլինեն տեղեր, որտեղ Բաստիլների գրավման առիթներ կլինեն:
«Հեղափոխություն իրականացնողները որպես խորհրդանիշ առաջին պլան մղեցին կնոջը, նրա իրավունքները և ազատությունները: Հայաստանում էլ կանանցից ունեցած ակնկալիքները ավելի շատ են»,-ասաց Ա. Ռենոն:

Ֆրանսիայի դեսպանը ասաց, որ Հայաստանն ունի իր բաժին Բաստիլները և հասարակությունը պետք է ձեռնամուխ լինի դրանց գրավմանը: Սա օրինաչափություն է, որից չի կարող զերծ մնալ որևէ երկիր:

Նրա խոսքով՝ միայն Հայաստանում չէ, որ անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացրել, այլ բարեփոխումները պետք է շարունակական լինեն աշխարհի բոլոր երկրներում:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին ներկա մակարդակին Ռենոն նշեց, որ այդ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ բոլոր մակարդակներում և հարթություններում:

«Քաղաքական հարաբերությունները նույնպես բավականին հագեցած են, երկուստեք փոխայցելությունները ակտիվ են և չկա այնպիսի տարի, երբ չգրանցվի փոխայցելություններ Ֆրանսիայի նախագահի և Հայաստանի նախագահի մակարդակներով»,-ասաց դեսպանը:

Ըստ նրա՝ Ֆրանսիան նաև գործուն մասնակցություն ունի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում, որտեղ Ֆրանսիան համանախագահողներից մեկն է:

Նա ասաց, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները բավականին հագեցած են և Ֆրանսիան խոշոր ներդրողներից մեկն է Հայաստանի տնտեսության մեջ:

«Ես հույս ունեմ, որ շուտով կլինեն նոր տնտեսական համագործակցության նախաձեռնություններ՝ երկկողմ մակարդակով»,-ասաց դեսպանը:

 

Անրի Ռենո. Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները բարձր մակարդակի վրա են