.jpg)
Ալեքսանդր Իսկանդարյան. Հայաստանը կնախաստորագրի փաստաթուղթը Վիլնյուսում
«Վիլնյուսի գագաթաժողովը մոտենում է, գործընթացը տեղի է ունենում բավականին հաջող և մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կնախաստորագրի փաստաթուղթը Վիլնյուսում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Վիլնյուսյան գագաթաժողովից առաջ ձևավորված քաղաքական իրավիճակին՝ ասաց քաղաքագետ «Կովկասի» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա նշեց, որ նախաստորագրումից հետո այդ փաստթաթուղթը պետք է թարգմանվի ԵՄ աշխատանքային լեզուներով և հավանության արժանան ԵՄ 28 անդամ-պետությունների խորհրդարանների և հենց Բրյուսելի կողմից:
«Վիլնյուսի փաստաթղթի ստորագրման մասին խոսում են տարբեր քաղաքական գործիչներ և, կարծես թե, ամեն ինչ նորմալ է ընթանում»,- ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ քաղաքականության մեջ կարող են տեղի ունենալ ֆորս-մաժորային իրավիճակներ, Հայաստանի պատմության մեջ ևս եղել են այդպիսի նախադեպեր, սակայն դիտարկելով այսօրվա քաղաքական իրողությունները՝ Մաքսային Միությանն անդամագրվելու և ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման միջև հակասություններ գոյություն չունեն:
«Մեզ այս պահին Մաքսային Միություն ոչ ոք չի հրավիրում, մեզ չեն կանչում ԵՄ և չեն կանչում Մաքսային Միություն»,- ասաց Ա. Իսկանդարյանը:
Ըստ նրա՝ Մաքսային Միության և ԵՄ-ի ձևաչափերի միջև հակասություններ չկան, այդ հակասությունները գոյություն ունեն հայաստանյան ինտելեկտուալ և լրատվական շրջանակներում: