.jpg)
Եվրախորհրդարանը չի քննարկել Ադրբեջան դիտորդներ ուղարկելու հարցը
«Եվրոպական խորհրդարանի Նախագահների համաժողովը (Եվրոպական խորհրդարանի և քաղաքական խմբակցությունների ղեկավարներից կազմված մարմին) հարցը դեռևս չի քննարկել: Որոշումը, ամենայն հավանականությամբ, կընդունվի սեպտեմբերին»,- այս մասին Ստրասբուրգում Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրոպական խորհրդարանի մամուլի հարցերով պատասխանատու Մարյորի Վան Դեն Բրուկեն՝ անդրադառնալով Ադրբեջանում առաջիկա նախագահական ընտրություններին հետևելու համար Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելություն ուղարկելու խնդրին:
Հիշեցնենեք, որ ադրբեջանական լրատվամիջոցները, մեջբերելով ադրբեջանցի պատգամավոր Էլհան Սուլեյմանովի խոսքերը, գրել էին, որ Եվրախորհրդարանը դիտորդական առաքելություն չի ուղարկելու Ադրբեջան՝ հետևելու հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրութուններին:
Եվրոպական խորհրդարանի մամուլի ծառայության աշխատակից Մալին Շոշեպրան ևս Aysor.am-ին հաղորդեց, որ այս փուլում Նախագահների կոնֆերանսը ոչ մի պաշտոնական որոշում չի կայացրել:
Նախորդող հրապարակում՝ Քամբեք. Ադրբեջանցի պատգամավոր Սուլեյմանովը Բրյուսելում վստահելի աղբյուր չէ