17/07/2013 12:56
Լրագրողի նոթերից. Ուրիշի երկրի, սեփական տան ու թվագրվածի բարդույթի մասին
Ես վախենում եմ «ուրիշ տեղերից»՝ երկրներից, քաղաքներից, ընդհանրապես՝ ամեն «ուրիշ» բանից: Երբ փոքր էի, ռուսական հեռուստաընկերություններից մեկը ֆիլմ էր պատրաստել՝ ապօրինի ներգաղթյալների մասին: Ֆիլմը լավ չեմ հիշում, բայց աչքիս առաջ միշտ մի պատկեր կա՝ խաչ՝ վրան հերթական համար: Այդ կադրով սկսում էր ֆիլմի այն հատվածը, որում հեղինակը պատմում էր Ռուսաստանում անլեգալ ու առանց փաստաթղթերի հայտնված ու ուրիշի երկրում մահացած մարդկանց մասին: Առանց անուն-ազգանուն-կյանք-անցյալ… մարդկանց թաղում էին իրար կողքի, փոքրիկ բլուր՝ վրան փայտե խաչ ու հերթական համար:
Հենց այդ պահից սկսած՝ ես հասկացա՝ ուրիշ տեղում դու միշտ անանուն-անազգանուն-անկյանք ու անանցյալ ես լինում, ցանկացած ուրիշ տեղում:
Երեկ ամբողջ օրը մտքումս նույն այդ ֆիլմն էր: Պատճառը էլի ուրիշի երկրում հայտնված մարդն էր: Մենք անընդհատ գրում ենք՝ ազատամարտիկ, զինվորի հայր, որդու տապանաքարի համար գումար վաստակելու գնացած… Ուրիշի համար, ախր, սա էական չէ: Ուրիշի համար նա մարդ է՝ տարօրինակ հնչողությամբ անունով, «կովկասյան դեմքով», 18 մարդու մահվան պատճառ դարձած, էժան աշխատուժ, հերթական համար…
Հիմա մտածում եմ՝ մի օրենք ընդունվեր, որ փակվեին աշխարհի բոլոր ճանապարհները, որ մարդիկ միայն իրենց տանը մնային, որ հանկարծ-հանկարծ ուրիշ երկրում այսքան ուրիշ չլինեին:
Ու մի օրենք էլ, որ սեփական տանն էլ այսքան ուրիշ չլինեն մարդիկ, ազատամարտիկը, զինվորի հայրը, որդու տապանաքարի համար գումար վաստակողը, որ սեփական երկրում մարդկանց չթվագրեին…