«Արտաքին քաղաքականությունում աշխատանքը պետք է ավելի արդյունավետ լինի»
19/07/2013 13:57

«Արտաքին քաղաքականությունում աշխատանքը պետք է ավելի արդյունավետ լինի»

ԼՂՀ արտգործնախարարության կազմավորման 20-ամյակի առթիվ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր հանդիպել է նախարարության ստորաբաժանումների պատասխանատուների և արտերկրում ԼՂՀ ներկայացուցիչների հետ`
արտգործնախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են  ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով ներկաներին հոբելյանական տարեդարձի առթիվ` վարչապետը կարևորել է արտգործնախարարության դերակատարությունը պետականաշինության գործընթացում: Նա բարձր է գնահատել Արցախի Հանրապետությունը` իբրև զարգացող ժողովրդավարական երկիր, արտաքին աշխարհին ներկայացնելու ուղղությամբ գերատեսչության կողմից իրականացվող գործունեությունը:

Կառավարության ղեկավարը շեշտել է, որ պետք է ավելի ակտիվ քարոզչական աշխատանք տանել հատկապես համերկրացիներին` Արցախում իրականացվող տնտեսական նախագծերում ներգրավելու ուղղությամբ:

Արա Հարությունյանը դիվանագետներին տեղեկացրել է հայրենանպաստ ծրագրերում և մի շարք այլ ոլորտներում կառավարության կողմից ներդրողներին առաջարկվող շահավետ պայմանների մասին, հույս հայտնելով, որ արտաքին քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքը այսուհետ ավելի արդյունավետ կլինի:

Արտգործնախարար Կարեն Միրզոյանը կարևորել է հանդիպումը կատարված աշխատանքը ամփոփելու, ձեռքբերումներն ու բացթողումները ի մի բերելու տեսանկյունից: Նա ընդգծել է, որ կառավարության ղեկավարի գնահատականը և տված հանձնարարականները կօգնեն համակարգելու և կազմակերպելու հետագա ծրագրերը:

Հանդիպմանը քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում հետագա անելիքների հետ կապված հարցեր: 

«Արտաքին քաղաքականությունում աշխատանքը պետք է ավելի արդյունավետ լինի»