Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը քննարկել են բանակաշինության հարցերը
19/07/2013 15:59

Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը քննարկել են բանակաշինության հարցերը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակության մասնակցությամբ:

Քննարկված հարցերի շարքում առանձնակի ուշադրություն է դարձվել բանակի պարենային և իրային ապահովման, կոմունալ շինարարության հիմնախնդիրներին:

Նախագահ Սահակյանն իր խոսքում կարևորել է այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին նոր որակ հաղորդելու և երկարաժամկետ ծրագրեր մշակելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ նման մոտեցումը լուրջ խթան կհանդիսանա ամբողջ պետության տնտեսական զարգացման և երկրի ներուժի արդյունավետ օգտագործման համար:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը քննարկել են բանակաշինության հարցերը