.jpg)
Բողոքի ակցիա. Քաղաքապետի խորհրդականի ուղղությամբ մետաղադրամներ նետեցին
Այս պահին քաղաքապետարանի դիմաց ընթանում է բողոքի ակցիա` ընդդեմ Երևանում տրանսպորտի գնի բարձրացման: Մինչ ոստիկանները մասնակիցներին հորդորում էին լքել տարածը` պատճառաբանելով, թե նրանք խոչընդոտում են քաղաքապետարանի բնականոն աշխատանքը, մասնակիցները սուլում էին, բղավում և վանկարկում, որ քաղաքապետարանը չի աշխատում, քաղաքապետարան չկա և այն խանգարում է մարդկանց ապրել:
Քաղաքպետարանից լրագրողների հարցերին փորձում էր պատասխանել, ինչպես ինքը ներկայացավ, քաղաքապետի՝ տրանսպորտի գծով խորհրդական Ալբերտ Գևորգյանը: Նա պատճառաբանեց, թե թանկացումը պայմանավորված է նրանով, որ նոր ավոտբուսներ են ներկրվել, ավտոպահեստամասերն են թանկացել և այլն:
Մինչ նա պատասխանում էր լրագրողների հարցերին, բողոքի մասնակիցները 100 դրամանոց մետաղադրամներ նետեցին նրա ուղղությամբ, որոնցից մեկը կպավ նրա գլխին: Ա. Գևորգյանը դրանից վրդովվեց ու այլևս չպատասխանեց լրագրողների հարցերին. «Ու մենք այս ժողովրդին ենք ծառայում, սա՞ է ձեր վերաբերմունքը»,- ասաց նա և մի կերպ ճողոպրեց քաղաքապետարան:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից Երևանում երթուղային տաքսիների և ավտոբուսների ուղեվարձը կլինի 150 դրամ: