Կարեն Անդրեասյանը երեք հարց է ուղղել Տարոն Մարգարյանին
24/07/2013 13:00

Կարեն Անդրեասյանը երեք հարց է ուղղել Տարոն Մարգարյանին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնական գրությամբ երեք հարցադրում է ուղղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ մամուլի ծառայությունից: Ներկայացնում ենք հարցադրումներն ամբողջությամբ.

«1. Ներքաղաքային տրանսպորտի սակագների թանկացումը հնարավոր է բացառապես Երևանի քաղաքապետի որոշման առկայության դեպքում: Արդյո՞ք Դուք ստորագրել և օրենքով նախատեսված ձևով հրապարակել եք նման որոշում և եթե ոչ, ապա ակնհայտ չէ՞, որ առանց պատշաճ հրապարակման նման որոշում իրավաբանորեն գոյություն չունի:

2. Առանց քաղաքապետի որոշման տրանսպորտի սակագները բարձրացրած բոլոր ուղևորափոխադրող ընկերությունները ենթարկվելու՞ են պատասխանատվության:

3. Եթե գործող ուղևորափոխադրող ընկերությունները դիմել են տրանսպորտի սակագնի բարձրացման խնդրանքով, ապա անհրաժեշտ չէ՞ արդյոք հայտարարել նոր մրցույթ, որին հնարավոր է մասնակցեն նոր ընկերություններ՝ 100 ՀՀ դրամ սակագնի առաջարկով»:

Կարեն Անդրեասյանը նաև նշել է.

«Տրանսպորտի սակագների թանկացման որոշումը անթույլատրելի է առանց պատշաճ հանրային քննարկման, բայց առավել դատապարտելի է, երբ նման թանկացումը կատարվում է օրենքի կոպիտ խախտումներով: Վստահ ենք, որ եթե սակագների բարձրացման գործընթացը եղել է օրենքի խախտմամբ, ապա ոչ միայն պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն մեղավորները, այլև հուլիսի 20-ից հավելյալ գումարներ վճարած մեր համաքաղաքացիներին պետք է տրվի նյութական համարժեք փոխհատուցում»:

Կարեն Անդրեասյանը երեք հարց է ուղղել Տարոն Մարգարյանին