.jpg)
Ա. Բախշյան. Տրանսպորտի մասին որոշում են կայացնում ամենայուղոտ գծի տերերը
Իրավաբանության, քաղաքականության մեջ, կարելի՞ է արդյոք թողնել, որ մարդ քվեարկի այն որոշման համար, որում շահ ունի: Իսկ մեզ մոտ տրանսպորտի գնի վերաբերյալ որոշում կայացնելիս քվեարկում են այնպիսի մարդիկ, ովքեր ունեն ամենայուղոտ երթուղայինի գծերը: Այս մասին այսօր քաղաքապետարանի դիմաց «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը.
«Կարծում եմ, որ սակագնի վերանայման հարցը դեռևս կբարձրացվի: Հույս ունեմ, որ հայցը, որը այս թանկացման հետ կապված մենք պատրաստվում ենք դատարան ներկայացնել, թույլ կտա խուսափել իրավիճակի կրկնությունից»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Անդրադառնալով այս օրերին քաղաքապետարանի դիմաց անընդհատ միացվող ջրաշիթերին, Անահիտ Բախշյանն ասաց, որ ամեն օր աշխատանքի է գալիս ու մինչ երիտասարդների նստացույց հայտարարելը չի նկատել, որ դրանք այսքան հաճախակի միացվեն. «Այնպես, որ ես, իհարկե, կարծում եմ, որ այսպես միացնելով, փորձում են խանգարել ակտիվիստներին»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Նշենք, որ «Բարև Երևանի» անդամը դուրս էր գալիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցությունից: Անահիտ Բախշյանի խոսքով՝ դրա ընթացքում քաղաքապետը չի խոսել քաղաքապետարանի դիմաց հայտարարված նստացույցի մասին:
Հիշեցնենք, որ արդեն երկու օր է մի խումբ երիտասարդներ նստացույց են հայտարարել քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը: