.jpg)
Արմեն Մարտիրոսյանը դեմ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվի Սյունիքում
Րաֆֆի Հովհաննիսյանն այլ պատասխանատվության տակ է. Նա ստացել է հասարակության մեծամասնության վստահությունը, հետևաբար նա այլ պատասխանտվություն ունի: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Սյունիքի մարզում կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության մասին` նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ իրենց կուսակցությունում Սյունիքում պատգամավորի թեկնածու առաջադրելու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա:
«Ժառանգության» կուսակցության վարչության նիստում, Ա. Մարտիրոսյանի խոսքերով, քննարկվել են հայտնի և ոչ այնքան հայտնի կուսակցականների անուններ, այդ թվում` Րաֆֆի Հովհաննիսյանի անունը. «Սակայն ես ինքս դեմ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր թեկնածությունն առաջադրի Սյունիքում»:
Դիտարկմանը, թե ժողովուրդը հիասթափված է Րաֆֆի Հովհաննիսյանից, Ա. Մարտիրոսյանը համաձայնեց դիտարկմանը` նշելով, թե իշխանափոխություն չկատարելու առումով հիասթափության էլեմենտ կա, սակայն, բանախոսի կարծիքով, ոչ ոք Րաֆֆի Հովհաննիսյանից չի հիասթափվել, նույնիսկ և հանդիպումների ժամանակ քաղաքացիները Րաֆֆի Հավհաննիսյանի հետ իրենց պայքարը շարունակելու պատրաստակամություն են հայտնում:
«Նախագահական ընտրություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց նախագահի պաշտոնը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ երկարատև պայքար է լինելու, մեկօրյա պայքար չի լինելու: Շատերը ֆիքսվում են ապրիլի 9-ի վրա, բայց չէ՞ որ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում էր, որ միայնակ չի կարող փոփոխություններ իրականացնել, այլ` պատրաստ է բոլորի հետ համահավասար իրականացնել»,- եզրափակեց խոսքը Ա. Մարտիրոսյանը: