08/08/2013 15:05
Կարեն Եսայանի սպանության գործով կասկածվել է նաև 80-ամյա տատիկը (Տեսանյութ)
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը, այս փուլում քննվում են նախաքննական մարմինների կողմից դատարան ներկայացված ապացույցները:
Galatv.am-ից տեղեկանում ենք, որ նախ մեղադրող կողմը հանդես եկավ հայտարարությամբ, որ նախաքննության ընթացքում կազմված նյութերին ծանոթ են երկու կողմերն էլ, և անիմաստ է ծավալուն այդ նյութերը հրապարակելը: Միջնորդությանը դեմ էր պաշտպան Լուսինե Սահակյանը, ով գտնում է, որ նախաքննությունը անցկացվել է մի շարք ապօրինություններով, մասնավորապես մերժվել է ամբաստանյալի բոլոր միջնորդությունները այն մասին, որ փորձաքննություններին մասնակցեն նաև իր փաստաբանները:
«Ակնհայտ է, որ վարույթ իրականացնող մարմիններին ձեռնտու չէր, որպեսզի թույլատրեին պաշտպանների մասնակցությունը այդ փորձաքննությունների կատարմանը»,- նշեց Լուսինե Սահակյանը:
Ըստ վերջինիս՝ եթե վարույթ իրականացնող մարմինը շահագրգիռ լիներ օբյեկտիվ քննություն անցկացնելուն, ապա միջնորդությունները միանշանակ կբավարարվեին: Իսկ մեղադրողի այն դիտարկման հետ, որ նախաքննության նյութերը բազմածավալ են, համաձայն է նաև Լուսինե Սահակյանը, ով գտնում է, որ այն ավելորդ ծանրաբեռնված է նյութերով, որոնք ընդհանրապես սպանության հետ ոչ մի առնչություն չունեն:
«Ոստիկանները որոշում են սանրել ինչ-որ գյուղի տարածք, այդ գյուղի տարածքում չգիտես ինչպես մի քանի քայլ գցելուց հետո հայտնաբերում են ինչ-որ հրազեն, չգիտես ինչու կարծում են, որ այդ հրազենը այս քրեական գործն է, չգիտես ինչու նշանակվում է փորձաքննություն: Այդ զենքի շրջակայքում գտնում են հեղուկով տարա, որի մեջ մեզ է, դա վերցնում ու նշանակում փորձաքննություն և երկարացնում են ամբաստանյալի կալանքի ժամանակը պատճառաբանությամբ, թե սպասում են փորձաքննության արդյունքներին, որոնք մինչև օրս չկան»:
Համաձայն նախաքննական մյուս նյութերի՝ ամբաստանյալ Հարություն Սարգսյանը ապրիլի 12-ին՝ Կարեն Եսայանի սպանության օրը, ժամը 11:20-ին Բավրա անցման կետում մեկնել է հանրապետությունից և նույն օրը ժամը 14:47-ին մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն: Ըստ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի՝ այստեղ ևս հակասություններ կան, քանի որ ինքը ֆիզիկապես չէր հասցնի սպանություն կատարել, ապա 11:20 լիներ անցակետում: Նշենք նաև, որ այս գործով որպես կասկածյալներ ոստիկանության կողմից ներկայացվել են նաև ամբաստանյալի հորաքույրը, ով 10 տարի է, ինչ բացակայում է քաղաքից, քեռին, 80-ամյա տատիկը և այլ բարեկամներ ու ընկերներ. պաշտպան Լուսինե Սահակյանը սա համարում է հետապնդում իր պաշտպանյալի նկատմամբ: Նշենք նաև, որ ինչպես նախորդ դատական նիստին, այս անգամ ևս տուժողի իրավահաջորդի փաստաբանը դատարան չէր ներկայացել:
Մանրամասներն՝ այստեղ