«Ղազախստան-2050. կայացած պետության նոր քաղաքական կուրսը»
21/08/2013 16:11

«Ղազախստան-2050. կայացած պետության նոր քաղաքական կուրսը»

Նախորդ տարի Ղազախստանի Հանրապետությունը նշեց անկախության 20-ամյակը: Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական տեսանկյունից 20 տարիներն ունենալով որպես ավարտուն ցիկլ՝ այդ երկրի քաղաքական և տնտեսական շրջանակներում ընթացան որոշ իմաստով գնահատման գործընթացներ՝ նախորդ տարիների ձեռքբերումների ու իրագործված ռազմավարությունների արդյունավետության մասով: Որպես ամենաբարձր մակարդակի գնահատական՝ կարելի է դիտարկել անկախության տարեդարձին ընդառաջ Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ուղերձը ղազախ բնակչությանը:

«Ռազմավարություն Ղազախստան-2050. կայացած պետության նոր քաղաքական կուրսը» վերնագրված ելույթում նախագահ Նազարբաևն ամենայն մանրամասնությամբ անդրադարձավ Ղազախստանի նախորդ տարիների ձեռքբերումներին, ի սկզբանե դրված նպատակներին և դրանց՝ արդեն իսկ իրականացված մասերին, ինչպես նաև՝ այնպիսիններին, որոնք դեռ պետք է իրագործվեն: Հաջորդիվ հակիրճ կներկայացնենք նշված ելույթի առանցքային կետերը՝ ընդգծելով ղազախական նախաձեռնությունների, որոշ իմաստով, համամարդկային նշանակությունը:

Պետք է նշել, որ մինչ այս ռազմավարության հաստատումը Ղազախստանը գրեթե 15 տարի առաջնորդվում է «Ղազախստան-2030» ռազմավարությամբ: Իր ելույթում Ն. Նազարբաևը ներկայիս ռազմավարությունը գնահատեց որպես ապացուցված արդյունավետության օրինակ. «Մեր կողմից ընտրված քաղաքական, սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքական մոդելն ապացուցեց իր արդյունավետությունը»:

Առաջնորդվելով «սկզբում՝ տնտեսություն, հետո՝ քաղաքականություն» զարգացման մոդելով՝ Ղազախստանի Հանրապետությունը կարողացավ իրավամբ ցուցադրել ճիշտ նպատակներ որոշելու և դրանց իրականացման ուղիղ ճանապարհներ ընտրելու իր հնարավորությունները: «Միայն ճիշտ ընտրված նպատակներն են բերում հաջողության»,- իր ելույթում նշել է Նազարբաևը:
Անդրադառնալով նոր քաղաքականության առանցքային նպատակներին՝ նախագահն սկզբում նշեց դրանցից երեքը՝ կառուցել պետություն և իրականացնել անցում շուկայական տնտեսությանը, հաստատել սոցիալական պետության հիմքերը, վերակառուցել հասարակական գիտակցությունը: Նշված երեք նպատակները՝ եռակի մոդեռնիզացիան, արդեն իսկ որոշ մասով իրականացված են, սակայն դրանց ամբողջական իրականացումը պահանջում է հարակից մի շարք նպատակների ու խնդիրների իրագործում, որոնց մանրամասնորեն անդրադարձավ Ղազախստանի նախագահը:

Դրանցից են ինքնիշխանությունը, ազատությունն ու համաշխարհային հանրության առջև բաց լինելը, քաղաքացիական խաղաղությունն ու միջազգային համաձայնությունը, մշակույթների ու կրոնների երկխոսությունը և այլն: Հանդես գալով բազմազգ բնակչություն ունեցող պետության դերում՝ Ղազախստանը կարող է դառնալ միջազգային համերաշխության լավագույն էտալոն:
Էլ ավելի ընդգծելով այդ պետության՝ համաշխարհային հանրությունում հստակ դեր ու նշանակություն ձեռք բերելու լուրջ հավակնությունները՝ ներկայացնենք Նազարբաևի ելույթով հաստատված մի քանի առանցքային նկրտումներ, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն ոչ միայն ղազախստանյան հասարակության հետ:

Դրանցից պետք է առանձնացնել այդ երկրի դիրքորոշումները գլոբալ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, թմրանյութերի անօրինական շրջանառության հիմնախնդիրներում: Դրանց թվում են նաև ատոմային զենքի չկիրառման և դրա արտադրության չտարածման դեմ իրականացվող կոնկրետ քայլերը՝ որպես լուրջ ներդրում համաշխարհային կայունության և անվտանգության հաստատման գործընթացում: «Համաշխարհային քաղաքականությունում մեր երկիրը պատասխանատու և հուսալի գործընկեր է, որը տիրապետում է անվիճելի միջազգային հեղինակության»,- նշվածի համատեքստում մասնավորապես նշեց Ն. Նազարբաևը: Մեր կողմից հավելենք նաև, որ Ղազախստանի Ժողովրդի Ասամբլեան՝ որպես մշակույթների երկխոսության լավագույն ձևաչափ, հանդես է գալիս համաշխարհային հանրության համար օրինակելի փորձի դերում:

«Ղազախստան-2050» ռազմավարության նպատակները հիմնված են այդ երկրի և տարածաշրջանի համար մեծ նշանակություն ունեցող տասը մարտահրավերների վրա, որոնք ևս ներկայացրեց նախագահ Նազարբաևը:

Առաջին մարտահրավերն է պատմական իրադարձությունների արագանալը: Ըստ Նազարբաևի՝ ժամանակի տեմպն աշխարհում ակնհայտորեն մեծացել է. աշխարհն ինտենսիվորեն ձևափոխվում է, և ընթացող փոփոխությունների արագությունն ուղղակի զարմացնում է: Այդ փոփոխություններից է Երկիր մոլորակի բնակչության աննախադեպ աճը վերջին 60 տարիներին, համաձայն որոնց՝ արդեն 2050 թ.-ին ցուցանիշը կհասնի 9 մլրդ-ի: Ժամանակի նոր արագությունը աշխարհի պետություններին մեծ հնարավորությունների հորիզոններ է բացում. «Ես հպարտ եմ, որ մենք օգտվել ենք այդ հնարավորություններից»:

Երկրորդ մարտահրավերը ժողովրդագրական անհավասարակշռությունն է: Աշխարհի շատ երկրներում նկատվում է հասարակությունների ծերացում: Ղազախստանն ունի երիտասարդ հասարակություն և այս իմաստով կարող է շատ օգտակար լինել համաշխարհային հանրությանը: Այստեղ Նազարբաևը շեշտեց Համընդհանուր աշխատուժի գաղափարը, համաձայն որի՝ գործազուրկները կդադարեն միայն նպաստ ստացողների դերում լինել, այլ կկարողանան ստեղծել ու զբաղվել նոր մասնագիտությամբ, որտեղ սահմանափակ կարողություններով մարդիկ կկարողանան ակտիվ գործունեություն վարել, ինչին կնպաստի ընկերությունների ու ֆիրմաների կողմից համապատասխան պայմանների ապահովումը:

Հաջորդիվ Ղազախստանի նախագահը ներկայացրեց մնացած մարտահրավերները՝ պարենային գլոբալ անվտանգությունը, ջրի սուր դեֆիցիտը, գլոբալ էներգետիկ անվտանգությունը, բնական ռեսուրսների սահմանափակ քանակը, երրորդ ինդուստրիալ հեղափոխությունը, աճող սոցիալական անկայուն վիճակը, մեր քաղաքակրթության արժեքային ճգնաժամը, նոր համաշխարհային անկայունության սպառնալիքը:

Ակնհայտորեն վերոնշյալ բոլոր մարտահրավերներն ունեն համամարդկային նշանակություն, և դրանց լուծման ուղիների որոշումն այսօր յուրաքանչյուր պետության գերխնդիրն է: Սակայն չունենալով համապատասխան ռեսուրսներ ու հնարավորություններ կամ պարզապես այլ սուբյեկտիվ դրդապատճառներից ելնելով՝ այսօր ոչ բոլոր պետություններն են հանդես գալիս նման նախաձեռնություններով: Սա լուրջ հիմք է բոլորիս համար եթե ոչ նախաձեռնելու, ապա գոնե նմանատիպ նախաձեռնություններին աջակցելու և ակտիվորեն մասնակցելու համար:

Վերոնշյալի մասով ավելացնենք նաև, որ նախագահ Նազարբաևի կողմից ներկայացված մարտահրավերներից յուրաքանչյուրի մասով Ղազախստանի Հանրապետությունն ունի այդ խնդիրների լուծման տարբերակներ, որոնք ուղղակիորեն հիմնված են սեփական ռեսուրսների վրա:

Շարունակելով նշենք, որ Նազարբաևը մանրամասնորեն ներկայացրեց Ղազախստանի Հանրապետության՝ առաջիկա մի քանի տասնամյակների համար որդեգրած տնտեսական քաղաքականությունը, ոլորտին առնչվող նպատակները՝ այդ թվում հարկաբյուջետային, մակրոտնտեսական, ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող, անդրադարձավ նույն ժամանակահատվածի համար նախատեսվող սոցիալական քաղաքականությանը, կենսաթոշակների, նպաստների մասով, ինչպես նաև գիտակրթական ոլորտների զարգացմանը:

Ելույթի ընթացքում Նազարբաևն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց Ղազախստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, որը չի ներկայացնում զուտ ղազախական շահերը: Դրանց համատեքստում ակտիվ գործընթացներ պետք է իրականացվեն տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման նպատակով:

Չենք կարող չնշել նաև իր ելույթի վերջում Ղազախստանի նախագահի «Նոր ղազախական հայրենասիրություն» գաղափարախոսությունը, որով ամրապնդվում է ղազախական հասարակությունում ներքին հավասարությունը, պետության և հասարակության միջև փոխադարձ պատասխանատվության առկայությունը, ինչպես նաև ղազախ բնակչի պաշտպանվածությունը: Սա սոցիալական պետություն ունենալու լավագույն գրավականը կարող է դառնալ Ղազախստանի համար, հասարակական մենեջմենթի լավագույն մոդել՝ աշխարհի համար:
 

«Ղազախստան-2050. կայացած պետության նոր քաղաքական կուրսը»