Նախարարը Կապանում քննարկեց տեղի օդանավակայանի վերագործարկման ծրագիրը
28/08/2013 16:21

Նախարարը Կապանում քննարկեց տեղի օդանավակայանի վերագործարկման ծրագիրը

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ծանոթացավ մարզկենտրոն Կապանում իրականացվող ծրագրերին և ընթացիկ խնդիրներին: Այս մասին տեղեկանում ենք Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից:

Առավոտյան փոխվարչապետը մարզպետ Վահե Հակոբյանի և Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց քաղաքում: Նա այցելեց Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շինհրապարակ: Շենքի կառուցման համար պետբյուջեից նախատեսվել է 720 մլն դրամ: Ներկայումս արդեն կատարվել են մոտ 450 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Ըստ պատասխանատուների` նախատեսված ֆինանսական միջոցների հատկացման պարագայում դպրոցի կառուցումն ավարտին կհասցվի մեկ տարվա ընթացքում, և 2014թ. սեպտեմբերի 1-ին կրթօջախը պատրաստ կլինի շահագործման:

Մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցում էին Կապանի, Սիսիանի, Գորիսի, Ագարակի քաղաքապետները, մարզպետարանի պատասխանատուներ, քննարկվեց համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքը, ներկայացվեցին հրատապ լուծում պահանջող խնդիրներ:

Մարզպետարանի պատասխանատուները տեղեկություններ ներկայացրեցին քաղաքաշինական, գյուղատնտեսական աշխատանքների, համայնքների սեփական եկամուտների կառավարման վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ առանձին քննարկվեց նաև Կապանում օդանավակայանի վերագործարկման հարցը: Ոլորտի պատասխանատուները ներկայացրեցին վերագործարկման ծրագիրը:

Օդանավակայանի շահագործումը փոխվարչապետը կարևոր համարեց մարզի բնակչության համար` նշելով, որ ծրագրի իրականացման համար առկա է նաև ՀՀ Նախագահի հանձնարարականը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մարզպետը նաև տարածաշրջանի գործարարների հետ կքննարկի ծրագիրը, և վերջնական ֆինանսական հաշվարկներն ու առաջարկությունները սեպտեմբերին կներկայացվեն կառավարություն:
 

Նախարարը Կապանում քննարկեց տեղի օդանավակայանի վերագործարկման ծրագիրը