.jpg)
Օբամա. Ժամանակն է նոր ջանքեր գործադրել ԼՂ խաղաղ կարգավորման ուղղությամբ
Ժամանակն է նոր ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ` այն փոխզիջումների շրջանակում, որոնք ձեռք են բերվել բանակցությունների ընթացքում: Այս մասին «APA» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձում, որը փոխանցվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքի միջոցով, ով այցով գտնվում է Բաքվում:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ամբողջությամբ աջակցում է Ջեյմս Ուորլիքին, ում նշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում վկայում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում կողմերին ցուցաբերվող ԱՄՆ-ի միանշանակ աջակցության մասին:
«Հույս ունեմ, որ դեսպան Ուորլիքի հարուստ դիվանագիտական փորձը և առաջընթաց գրանցելու Ձեր կառավարության ցանկությունը նոր ազդակ կհաղորդի համանախագահների աշխատանքին և խաղաղության գործընթացին: Ես աջակցում եմ առաջիկա ամիսներին Հայաստանի հետ ուղիղ երկխոսության հնարավորության օգտագործմանը Ձեր կողմից, ինչպես նաև՝ բանակցություններում ներկա անելանելի իրավիճակից դուրս գալու ճանապարհներ գտնելու՝ համանախագահների ջանքերին»,- իր ուղերձում նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: