Գ. Սահակյան. Մաքսային միությանն անդամակցելը չի սպառնում ՀՀ սուվերենությանը
09/09/2013 15:01

Գ. Սահակյան. Մաքսային միությանն անդամակցելը չի սպառնում ՀՀ սուվերենությանը

Հայաստանի՝  Մաքսային միություն մտնելու որոշման մեջ որևէ սենսացիա չկա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Մաքսային միություն մտնելու շահագրգռվածություն պետք է մեր կողմից լինի, իսկ Եվրասիական միության հետ կապված դեռ պրոեկտներ չկան, որ քննարկենք»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ կրկնելով, որ Մաքսային միություն մուտք գործելու շահագրգռվածություն պետք է լինի մեր երկրի կողմից:

Գ. Սահակյանը հավաստիացրեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մինչև Մոսկվա մեկնելն իր կուսակիցների հետ «քննարկել է ամեն ինչ»: Ինչ վերաբերում է այլ պատգամավորների դժգոհություններին, թե որոշման մասին իրենք տեղեկացված չէին, Գ. Սահակյանն ասաց կարճ. «Որովհետև մեր կուսակցության անդամը չեք»:

Դիտարկմանը, թե ժողովուրդը նույնպես դժգոհ է որոշումից, գուցե անհրաժեշտ էր հանրաքվե անցկացնել, ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց, որ որոշումների կայացումը Նախագահի լիազորությունների շրջանակում է. «Այդպես որ լինի, եթե ցանկացած պայմանագիր կնքվում է, ապա պետք է ժողովրդի հետ քննարկվի, նոր կնքվի, սակայն Նախագահն այդ լիազորությունն ունի: Երբ ժամանակը գա և փաստաթուղթը բերվի խորհրդարան, այդ ժամանակ էլ կքննարկվի պատգամավորների մասնակցությամբ:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելը, Գ. Սահակյանի հավաստմամբ, չի սպառնում ՀՀ սուվերենությանը. «Այդպես որ լինի ամբողջ աշխարհը սուվերենություն չի ունենա, քանի որ մի պետությունը մեկը մյուսի հետ փոխհարաբերությունների մեջ է»: 

Գ. Սահակյան. Մաքսային միությանն անդամակցելը չի սպառնում ՀՀ սուվերենությանը