.jpg)
Ն. Փաշինյան. Նալբանդյանն ափալ-թափալ վազում է Եվրոպա
Մի իրավիճակ է ստեղծվել, որը երբեք չի եղել մեր պետության համար: Այս պահին Հայաստանն իր ոտքը դրել է մի ճանապարհի վրա, որով ինքնիշխանության, անկախության կորուստն է բերելու: Հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի բացմանը, խոսելով Հայաստանի՝ Մաքսային միության ադմակացման մասին, նման մտահոգություն հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես միշտ Հայաստանը վազում է ինչ-որ բաների հետևից, իսկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ափալ-թափալ այցեր է անում Եվրոպա՝ հրատապ հարցեր քննարկելու»,- ասաց Ն. Փաշինյանը:
Շարունակելով խոսքը՝ պատգամավորը նշեց, թե ԱԺ-ն ոչ միայն մեկուսացած է իրադարձություններից, այլ՝ ընդհանրապես փորձագիտական մակարդակով ոչ մի տեղեկատվության չի տիրապետում:
Ն. Փաշինյանն առաջարկեց, որ առաջիկայում ԱԺ-ում քննարկում հրավիրվի և «հրատապ պարզաբանումներ տան Է. Նալբանդյանը և Սերժ Սարգսյանը»:
Ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ ոչ մեկ ոչ մեկի հետևից չի վազում, «ափալ-թափալ չեն վազում»:
«Մաքսային միությանը միանալը բխում է Հայաստանի և ժողովրդի շահերից»,- ասաց խորհրդարանի ղեկավարը. «Դա իմ տեսակետն է, և ես կարծում եմ, որ դա շատ ճիշտ է»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ ԱԺ գալուն, Հ. Աբրահամյանը նշեց, թե պետք է ճշտումներ կատարել, որը ընաթցքի մեջ է: