.jpg)
ԱԳ նախարար. Կա ցանկություն շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ
Հայաստանի կողմից կա արտահայտված ցանկություն՝ հնարավոր բոլոր ձևաչափերով և ուղղություններով շարունակել զարգացնել հնարավորինս սերտ և խորը համագործակցությունը Եվրամիության հետ, շարունակել առաջ տանել մեր հարաբերությունները այն բոլոր դրականի, ձեռքբերումների հիման վրա, որոնք արձանագրվել են վերջին տարիներին Հայաստանի և Եվրամիության միջև: Այս մասին այսօր ԱԺ-ում խորհրդարանական խմբակցությունների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը:
«Մենք հստակ ենք արտահայտվել, դրա մասին ես ասել եմ նաև Լիտվայի արտգործնախարարի հետ իմ հանդիպման ժամանակ, իսկ դուք գիտեք, որ Լիտվան այսօր նախագահում է Եվրամիությունում: Հանձնակատար Ֆյուլեի հետ հանդիպումից հետո հրապարակված հաղորդագրության մեջ ևս ընդգծվեց Հայաստանի կողմից արտահայտված այս ցանկությունը»,- ասաց ԱԳ նախարարը:
Խոսելով Մաքսային միությանն անդամակցելու ու միաժամանակ Եվրամիության հետ համագործակցելու հնարավորության մասին` ԱԳ նախարարը նշեց, որ նման հնարավորության մասին ասել է նաև Լիտվայի Արտաքին գործերի նախարարը.
«Նա նշել է, որ այո, մենք պետք է շարունակենք առաջ տանել Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ են հանդիպումից հետո դժգոհում ընդդիմադիր խմբակցություններն ու նշում, որ սպառիչ պատասխան չեն ստացել, ԱԳ նախարարը պատասխանեց.
«Եթե որևէ մեկը ցանկանում է միայն իր հարցը հնչեցնել և չլսել պատասխանը, ապա, կարծում է, որ պատասխան չկա: Պատասխանները բոլոր այն հարցերին, որոնք հնչել են, ես տվել եմ: Եթե որևէ մեկը դա չի ըմբռնում, կամ չի ընդունում այդ պատասխանները, որովհետև այլ կարծիք ունի, դա արդեն իր անձնական գործն է»:
Նշենք, որ ԱԳ նախարարի և խորհրդարանական խմբակցությունների հանդիպումն անցել է դռնփակ: